Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումը դրական եմ գնահատում.Արմեն Սարգսյան

«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձեւով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային եւ ճապոնացի գործարարներին»,- ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին:

Նախագահը նշել է, որ միմյանց հետ աշխատելու համար առաջին հերթին պետք է իրար ճանաչել. «Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչեւ էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա: Հետեւաբար, այս ֆորումն առիթ կլինի, որ հայկական գիտական եւ արդյունաբերական ներուժը ցույց տանք իրենց՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման եւ արհեստական բանականության ոլորտներում,- ընդգծել է Հայաստանի նախագահը:- Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի: Հետաքրքրությունը կա, քանի որ աշխարհն է փոխվում: Այս աշխարհում շատ բաներ նույնը չեն լինելու, եւ բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր շուկաներ եւ հարաբերություններ կառուցել: Հայաստանն այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ ունի»:

Արդյունքի հասնելու համար նախագահ Սարգսյանը կարեւորել է համբերությունը, ամենօրյա աշխատանքն ու շարունակելիությունը. չի կարելի հանդիպել մարդու հետ, հետո մոռանալ։

Խոսելով որպես երկիր հաջողության հասնելու ուղիների մասին՝ նախագահը բերել է Սինգապուրի օրինակը, որի հաջողության հասնելու գործոններից մեկն էլ տեսլական ունենալն էր: «Այսինքն՝ պատկերացնել, թե ուր ես տանում քո երկիրը, դրանից հետո ունենալ հստակ ծրագիր, թե ինչպիսի քայլերի հերթականություն պետք է ընտրել։ Այնուհետեւ՝ պետք է ունենալ լավ կառավարման համակարգ եւ մարդիկ, որոնք կարող են այդ ծրագիրն իրականացնել: Պետք է ունենալ նաեւ կարգապահություն, այդ թվում՝ հոգեբանական, որպեսզի չվհատվես ձախողումներից եւ շարունակես ճանապարհը,-ընդգծել է նախագահը:- Սինգապուրի, Հոնկոնգի հաջողության մյուս գործոնն այն էր, որ դրանք նավահանգստային քաղաքներ էին եւ դարձել էին առեւտրային կենտրոններ: Հայաստանը ծով չունի, բայց կարող է դառնալ տեղեկատվության եւ մեծ ծավալի տվյալների մի նոր նավահանգիստ: Եթե մենք կարողանանք տեղեկատվության օվկիանոսի մեջ Հայաստանը դարձնել այն նավահանգիստը, որտեղ մտնելու են թվային մեծ ծավալի տվյալներ եւ վերամշակվելուց հետո դուրս են գալու՝ վերբաշխվելով աշխարհով մեկ, ապա մենք հաջողության կհասնենք, կկատարենք ճիշտ նույն ֆունկցիան, ինչ միջին դարերից սկսած կատարում են մեծ նավահանգիստները՝ որպես տրանսպորտային խաչմերուկ»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս անել, որպեսզի տեխնոլոգիաները չտանեն մեկուսացման, այլ օգտագործվեն որպես խաչմերուկ, նախագահ Սարգսյանը նկատել է, որ պետք է լրջորեն զբաղվել նոր տեխնոլոգիաներով, չմտածել, թե աշխարհի ամենախելացին ենք կամ ամեն ինչ ունենք: «Պետք է լինենք համեստ՝ գիտակցելով, որ դեռեւս շատ-շատ անելիք ունենք, դեռեւս շատ քիչ բան ունենք: Այո, ունենք ներուժ, որը կարող ենք իրացնել ու հպարտ լինել, եւ հակառակը, չիրացնել եւ մնալ օգտագործողի մակարդակում,-ասել է նա:- Այդ դեպքում մեզնից յուրաքանչյուրը կրկին կխոսի չիրականացված հնարավորության մասին, որն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, երբ գիտես, որ ունեիր հնարավորություն եւ չարեցիր դա»։

Նախագահը կարեւորել է նաեւ մարդկային շփումները՝ դրանք համարելով հաջողությունների, խնդիրները լուծելու, երկխոսության ու առաջխաղացման արժեքավոր աղբյուր: «Կարծում եմ՝ շատ էական է, որ սովորական կյանքում հանդուրժողականության, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը կարողանանք պահել եւ հարստացնել, դարձնել մեր մշակույթի մասը: Շատ էական է, որ նույն հարաբերությունները կարողանանք տեղափոխել նաեւ վիրտուալ աշխարհ,-նշել է նա եւ ավելացրել.- Ճապոնացիներն այստեղ, կարծում եմ, բավականին առաջ են, որովհետեւ պատասխանատվության, կարգապահության դրսեւորումներին այս երկրում հանդիպում ես ամեն րոպե: Ճապոնիայի վերջին 70-80 տարիների հաջողությունների հիմնական աղբյուրը սա է՝ հարգանքը պետության, սեփական մշակույթի, ազգի, սեփական գործի, միմյանց ու ընտանիքի հանդեպ»:

ԱՎԵԼԻՆ