Ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը եւ փոխհատուցել նյութական կորուստները. փոխնախարար

Մեր հասարակության եւ իշխանությունների բարոյական պարտքն է ուսումնասիրել, հիշել եւ գնահատել բռնապետական անցյալի ողբերգական եւ դատապարտելի երեւույթները: Այս մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով, ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը եւ հնարավորության սահմաններում կոմպենսացնել նրանց նյութական կորուստները՝ օժանդակելով ներկա կյանքի պայմաններին:

«Մեր երկրում մարդկանց անօտարելի իրավունքները չեն կարող խախտվել, ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով»,-ասաց փոխնախարարը:

Օրենքի նպատակն է դատապարտել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, ինչպես նաեւ 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության եւ այլ դրդապատճառներով անձի իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարումներն ու բռնաճնշումները, վերականգնել բռնադատված անձանց անօտարելի իրավունքների, բռնադատման հետեւանքով պատճառված բարոյական եւ նյութական վնասները:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության անդամներ, բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր նախապես ներկայացրել էին իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի կարեւոր նկատառումներն ու դրույթները, որոնք եւ՛ բովանդակային, եւ՛ նպատակային առումով անդրադարձել են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական երաշխիքներին:

Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մշակված օրենքի նախագիծը պետք է հանրային քննարկումների մեծ փուլ անցնի, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը առնչվում է ծանր ժամանակաշրջան ապրած մարդկանց.

«Մշակված օրենքի նախագիծը այն մասին է, ինչ եղել է, գնահատական է առ այսօր եղածի, իսկ օրենքի ընդունումը պարտավորություն է՝ այսուհետ նմանատիպ երեւույթների կանխարգելման ու վերացման համար: Նոր օրենքը տարածվելու է նաեւ անկախ Հայաստանի պայմաններում քաղաքական դրդապատճառներով իրավունքների ոտնահարումից տուժածների վրա: Օրենքի շահառու խմբի համար ժամկետների վերացումը նպաստելու է պետության կողմից բռնատիրական, մարդու իրավունքների ոտնահարման դրսեւորումների կանխարգելմանը»,- նշել է Աժ փոխխոսնակը:

Այնուհետեւ քննարկվել են նախապես ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները, որոնք վերաբերում էին բռնադատվածների արդարացման կարգի եւ իրավունքի վերականգնման դրույթներին, նրանց համար սահմանված ամենամսյա դրամական աջակցությանն ու այլ հարցերին:

Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար եւ նշել, որ նոր օրենքով առավել իրատեսական եւ առարկայական է դառնալու բռնադատվածների սոցիալական պաշտպանությունը:

ԱՎԵԼԻՆ