Արևելյան Եվրոպայի/Կենտրոնական Ասիայի «WE CAN» 2019թ. համաժողով – Երևան (հոկտեմբերի 11-12)

Արևելյան Եվրոպայի/Կենտրոնական Ասիայի «WE CAN» 2019թ. համաժողով – Երևան (հոկտեմբերի 11-12)

16:32 10 Հկտ, 2019

ԵՐԵՎԱՆ – (9 հոկտեմբերի 2019 թ.). Ամեն տարի ավելի քան 2,5 մլն. կանանց մոտ ախտորոշվում է կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված քաղցկեղն է և կանանց մոտ քաղցկեղի հետ կապված մահացության հիմնական պատճառը: Ըստ գնահատումների` մինչև 2025 թվականը միայն կրծքագեղձի քաղցկեղից կմահանա 5,8 մլն. կին, ընդ որում` 3 դեպքից 2-ը կգրանցվեն սահմանափակ ռեսուրսներով երկրներում: Յուրաքանչյուր 2 րոպեի ընթացքում մեկ կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից, ընդ որում 10 դեպքից 9-ը գրանցվում է սահմանափակ ռեսուրսներով երկրներում: 
Չնայած կանխարգելման (ինչպես օրինակ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը արգանդի վզիկի քաղցկեղի դեմ),  քաղցկեղի ախտորոշման ու բուժման ոլորտներում մեծ առաջընթացին` շատ հաճախ կանայք չեն կարողանում ժամանակին դիմել արդյունավետ, մատչելի բուժօգնության համար, ինչն էլ հանգեցնում է աշխարհում արդյունքների զգալի անհամաչափության: Մահացության բարձր ցուցանիշները կապված են ուշ փուլերում ախտորոշման հետ, որի պատճառն ինչպես առողջապահական համակարգն է, այնպես էլ պացիենտների կողմից ուշ դիմելիութունը` կապված  վաղ հայտնաբերման և վաղ շրջանում բուժման առավելությունների մասին տեղեկությունների բացակայության, ուղեգրման բարդ կառուցակարգերի, ամոթի, ծախսերի և այլ հանգամանքների հետ: Շատ համայնքներում կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղն ամոթալի է համարվում, և կանայք վախենում են իրենց ախտանիշների համար դիմել բուժօգնության մինչ այն պահը, երբ արդեն ուշ է լինում: Իրազեկումը, կրթումը, բուժման մատչելիությունը և քաղցկեղ վերապրածների աջակցությունը խիստ կարևոր են կանանց քաղցկեղի ավելի ու ավելի ծանրացող բեռի խնդիրը լուծելու հարցում:
Քաղցկեղի հարցում կանանց զորացման «WE CAN» համաժողովն իրականացվում է տեղի մեր գործընկերների` ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ: Հոկտեմբերի 11-12 համաժողովը Երևանում կմիավորի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 10 երկրների ավելի քան 80 մասնակիցների՝ քաղցկեղ վերապրածների, օնկոպացիենտների շահերի պաշտպանների, բժիշկների ու քաղաքականություն մշակողների։ Նրանք միավորվում են՝ ընդգծելու, թե որքան կարևոր է բարելավել քաղցկեղի բուժման հասանելիությունը և միմյանց հետ կիսելու իրենց համայնքներում կանանց կրթելու, աջակցելու և զորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հրապարակավ խոսելու նրանց պատրաստակամությունը և տարածելու այն ուղերձը, որ քաղցկեղը վերապրելի է, եթե վաղ է հայտնաբերվում ու արդյունավետորեն է բուժվում, էական դեր ունի տարածաշրջանում համոզմունքները փոխելու և դրա ամոթալի լինելու հանգամանքի նվազեցման հարցում: Բացի փորձի փոխանակումից, մասնակիցները կլսեն նաև բժիշկների, շահերի պաշտպանների և քաղաքականություն մշակողների խոսքը:

«WE CAN» 2019թ. համաժողովի նպատակն է`
 բարելավել կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման, հայտնաբերման և բուժման վերաբերյալ գիտելիքները.
 բարձրացնել իրազեկվածությունն ըստ ռեսուրսների տարանջատված ուղենիշների և քաղցկեղի ոլորտում գլոբալ նախաձեռնությունների մասին.
 կապ ստեղծել շահերի պաշտպանների և բժիշկների, լրատվամիջոցների ու քաղաքականություն մշակողների միջև.
 քաջալերել քաղաքականության /ուղենիշների մշակման հարցում ներգրավվածությունը և բուժօգնության հասանելիության մեծացումը.
 մշակել տեղին համապատասխան ապացուցողական տեղեկատվության և շահերի պաշտպանության գործողությունների ծրագրեր.
 խթանել կարողությունների զարգացումը և կոալիցիաների, դաշինքների և տարածաշրջանային ցանցերի ձևավորումը.
 ստեղծել հարթակ քաղցկեղի ոլորտում շահերի պաշտպանության և հիվանդների աջակցության հետ կապված «քաղած դասերի» փոխանակման համար:
«WE CAN»-ը ձգտում է, որ աշխարհը լինի այնպիսին, որտեղ բոլոր կանանց համար հասանելի է քաղցկեղի ժամանակին, ճշգրիտ, արդյունավետ և հարգալից կանխարգելումն ու բուժումը: Այս տեսլականի համաձայն՝ մենք կառուցում ենք շահերի պաշտպանության ցանցեր՝ միավորելու քաղցկեղի առաջամարտիկներին և նրանց զինելու գործիքներով, որպեսզի նրանք իրենց համայնքներում բարելավեն ռիսկի տակ գտնվող և քաղցկեղ ունեցող կանանց կյանքերը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝
• Կայք`http://www.womenscanceradvocacy.net/en.html
• Facebook` facebook.com/womenscanceradvocacynetwork/
• Twitter` @wecan_seattle
###
«WE CAN»-ի մասին
«WE CAN»-ի գլխամասը տեղակայված է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Վաշնգտոնի համալսարանում: Այն տրամադրում է փաստերի վրա հիմնված կրթություն և շահերի պաշտպանության հարցերում մենթորություն` է՛լ ավելի բարձր հնչեցնելու քաղցկեղ վրապրածների ձայները ողջ աշխարհում: Մենք հավատում ենք, որ քաղցկեղ վերապրած անհատների և շահերի պաշտպանների ուժը բազմապատկվում է հարաբերությունների միջոցով: «WE CAN»-ի համաժողովներն ու տարածաշրջանային ցանցերը խթանում են համագործակցությունը և շահերի պաշտպաններին կապում բժիշկների, քաղաքականություն մշակողների և հնարավորությունների հետ` զորացնելու կին առաջնորդներին, նպաստելու մտքերի փոխանակմանը և կարողությունների զարգացմանը քաղցկեղից բուժման մատչելիությունը բարձրացնելու,  ամոթալի լինելու համոզմունքի նվազեցնելու և պետական քաղաքականության վրա ազդելու ու սոցիալական և գենդերային նորմերի փոփոխության նպատակով:
«WE CAN»-ի մինչ օրս տեղի ունեցած 16  համաժողովների ու տարածաշրջանային ցանցերի շնորհիվ կապեր են ձևավորվել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրների շահերի հարյուրավոր պաշտպանների միջև: Այս ամենի արդյունքում բարձրացել է քաղցկեղի մասին գիտելիքների մակարդակը, մեծացել է քաղցկեղ վերապրածների ներգրավվածությունը քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և առաջնորդության, նոր նախաձեռնությունների և համագործակցությունների հետ կապված հարցերում: Համաժողովները կազմակերպվում են տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի Համաշխարհային առողջության կենտրոնի հետ համատեղ: Դրանք կազմակերպվում են Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչների կողմից՝ քաղցկեղ վերապրած անձի կողմից ղեկավարվող տեղական ՀԿ-ի, բժշկական կենտրոնների, ոլորտի գործընկերների և ԱՄՆ դեսպանատների հետ համագործակցությամբ:
ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի մասին
ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը ստեղծվել է 2017թ․ փետրվարին Հայաստանում որպես քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության կազմակերպություն, որի շահառուներն են քաղցկեղով պացիենտները, նրանց ընտանիքի անդամներն ու խնամատարները։ Շահառուների համար իրականացվում են սոցիալական, հոգեբանական, իրավաբանական և այլ աջակցության տարատեսակ ծրագրեր։ Հիմնադրամը նպաստում է սքրինինգային ծրագրերին և քաղցկեղի վաղ հայտաբերմանը, իրականացնում է Հայաստանում չարորակ նորագոյացությունների մասին հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում, հատկապես կրծքագեղձի քաղցկեղի, մշակում և հրատարակում է կրթական նյութեր պացիենտների տեղեկացվածության ու զորացման նպատակով։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասին
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը։  Կենտրոնը ստեղծվել է 1997թ-ի ապրիլին, երբ կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առողջապահական լուրջ խնդիր էր։ Կենտրոնի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, զբաղվել կանխարգելիչ բժշկությամբ, իրականացնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության ախտորոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր և բուժումներ, նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, իրականացնել կրթական ծրագրեր: Կենտրոնում գործում են Կրծքագեղձի ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտման, գինեկոլոգիայի, ուրոլոգիայի,  ընտանեկան բժշկության, ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա) բաժանմունքներ, ատամնաբուժարան, վիրահատարան և բջջաբանակն և հյուսվածաբանական լաբորատորիա` հագեցած վերջին սերնդի սարքավորումներով, ինչպես նաև հոգեբանի ծառայություն , մանուալ լիմֆոդրենաժ, դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում,  Համակարգչային շերտագրում (Կ.Տ) և ռենտգեն հետազոտություն։
ՀԱԱ Կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 45-50 հազար կին, գործունեության արդեն 23 տարիների ընթացքում  կատարվել է 592,000 հետազոտություն: Կենտրոնն օրական սպասարկում է միջինը 180-220 այցելու: Ամենամյա զննումների շնորհիվ և կենտրոնի բժիշկների ջանքերով մինչև օրս փրկվել է 9,549 կնոջ կյանք։

ՏՎՅԱԼՆԵՐ
WE CAN` Էլիսոն Դվալաձե, dvaladze@uw.edu
«ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամ՝ Հռիփսիմե Մարտիրոսյան, henaran.fund@gmail.com
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն` Խաչանուշ Հակոբյան, info@aawc.am

loading...