Այս տարի Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի 19-ին

Այս տարի Երեւանի օրը կնշվի հոկտեմբերի 19-ին

14:57 10 Հկտ, 2019

Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը. ըստ այդմ, դա այս տարի պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին, սակայն հաշվի առնելով, որ այդ տոնին մասնակցում են բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաեւ ցանկալի է, որ օրը լինի ճկուն, առաջարկվում է, որ տոնը նշվի հոկտեմբերին, իսկ այս տարի այն նշել հոկտեմբերի 19-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նախագծում կա կետ՝ ուղղված Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին Երեւանի քաղաքապետի կողմից՝ տոնական միջոցառումներին աջակցելու վերաբերյալ եւ ասաց. «Ոչ տոնական միջոցառումների ցանկ ենք տեսել, ոչ քաղաքապետարանն է մեզ դիմել, ոնց ենք պարզելու՝ մենք համապատասխան ծրագրին աջակցենք, թե ոչ»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այս միջոցառումներին աջակցելն իրենց յուրաքանչյուրի պարտքն է: «Կամա, թե ակամա մենք մեր նպաստն ունենում ենք»,-ասաց նա եւ նշեց, որ նախագիծը շրջանառվել է:

Միջոցառումների ծրագրին աջակցության թեմայի շուրջ տարածված քննարկումներին արձագանքեց վարչապետը․ «Այդ պրոբլեմը ինչո՞ւ չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է, թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ միջոցառման օրը փոխվել է՝ պայմանավորված մրցութային ընթացակարգերի թերի լինելու արդյունքում. «Քաղաքապետարանից նախագիծն ստացել ենք ուշ եւ, քանի որ ժամկետների խնդիր կա, նախագիծը ներառվել է օրակարգ»,-ասաց նա:

Շարունակելով խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ այս հարցերը պետք է լուծել: «Չի լինի տենց, որ Կառավարության անդամները գան նիստին, ու այստեղ տեղյակ լինեն, թե ինչ հարց է քննարկվում»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այս տարի բացառություն անել, իսկ հաջորդ տարիների համար օրը հստակ ֆիքսել, որպեսզի խնդիրներ չառաջանան այլ միջոցառումների ժամկետների հետ:

Նախագիծն ընդունվեց:

loading...