Կառավարությունը ընդունեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

Կառավարությունը ընդունեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

12:31 10 Հկտ, 2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում ընդունեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ով նշեց, որ այս նախագիծը բխում է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին օրենքի դրույթների կիրակումն ապահովելու համար:

Նրա խոսքով, հիմա Հայաստանում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում չի իրականացվում, դրա հետ կապված տեղեկատվությունը ձեւավորվում է իրավապահների, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների կողմից արձանագրված դեպքերի հիման վրա. «Դա հնարավորություն չի տալիս բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը, գնահատել ընտանիքում բռնության օրինաչափությունները»,-ասաց նա:

Նշենք, որ այս կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի  կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:

Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության եւ բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած եւ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման միջոցով պաշտպանության եւ աջակցության տրամադրման ապահովումն է:

Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվութուն տրամադրող մարմինը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է թղթային՝ «հրապարակման ոչ ենթակա» դրոշմագրով, որը նշվում է փակ ծրարի վրա:

loading...