Իր պատմության ամբողջ ընթացքում հայերը եղել են համաշխարհային առեւտրային ազգ եւ առեւտրային ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչեւ Վենետիկ եւ Կահիրեից մինչեւ Ամստերդամ

Իր պատմության ամբողջ ընթացքում հայերը եղել են համաշխարհային առեւտրային ազգ եւ առեւտրային ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչեւ Վենետիկ եւ Կահիրեից մինչեւ Ամստերդամ: Այս մասին հոկտեմբերի 10-ին Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» հայկական առեւտրային ցանցի չորրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այսօրվա դրությամբ ստանձնել են ինկլյուզիվ, ինովացիոն եւ զարգացած տնտեսություն կառուցելու առաջադրանք:

«Մեր խնդիրն է այնպիսի երկրի կառուցումը, որը կլինի մրցունակ, որպես երկիր կապահովի իր քաղաքացիների բարգավաճումը, որը համընթաց է քայլում աշխարհի առաջավոր երկրների հետ: Վստահ եմ, որ ձեզ էլ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող եւ ընթացող փոփոխությունները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ձեռնարկատերերի կողմից ներդրումների իրականացման լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- նշեց Ավինյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ տնտեսական եւ ժողովրդագրական վերակառուցումը չի կարող լիարժեք լինել առանց հայկական սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության:

ԱՎԵԼԻՆ