Պապիկյանն ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչն անդրադարձել են Հյուսիս-Հարավ միջանցքին

Պապիկյանն ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչն անդրադարձել են Հյուսիս-Հարավ միջանցքին

18:34 9 Հկտ, 2019

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի եւ հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։

Նախարար Պապիկյանը կարեւորել է բանկի հետ բազմաոլորտ եւ ընդգրկուն համագործակցությունը եւ նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թեւակոխելու պայմաններում Հայաստանի եւ հիմնադրամի միջեւ հաստատված գործընկերային հարաբերություններն առավել հեռանկարային դրսեւրումներ են ստանում։

Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական եւ նախագծման աշխատանքների իրականացմանը։

Ընդգծելով ՀՀ կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։

ԿԶԵՀ տրանսպորտի եւ հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ կառավարության հանձնառությունը եւ հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։

Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան եւ բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական եւ ընթացակարգային հարցերին։

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4–ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը  ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում: 32 կմ ընդհանուր երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծումն իրականացնում է հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Այ Առ Դի Ինջենիրինգ եւ Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը: Նախագծման աշխատանքներն սկսվել են 2019 թվականի սեպտեմբերի 9-ին եւ նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները՝ 2021-2023 թթ.:

loading...