Լոռու մարզում մոտ 7 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Լոռու մարզում մոտ 7 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

14:40 8 Հկտ, 2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի աղբահանության, սանիտարական մաքրման, կանաչապատման, ինչպես եւ Արեւաշող համայնքի փողոցների սանմաքրման եւ Մեծ Պարնի համայնքի կարիքների համար աղբարկղերի մատակարարման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինությունը, 2018-2019թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով հիշատակված համայնքներում գործող տարբեր տնտեսվարողների, ինչպես եւ մասնավոր անձանց հետ, առանց պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-վավերագրեր, կատարողական ակտեր, որոնք շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են պայմանագրերով սահմանված գումարները վճարելու լիազորությամբ օժտված իրավասու պաշտոնատար անձանց եւ խաբեության եղանակով փաստացի չկատարված աշխատանքների եւ չմատուցված ծառայությունների դիմաց անհիմն ստացել են, այս պահին քննությանը հայտնի տվյալներով մոտ 6 միլիոն 900 հազար դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

loading...