«Սա շարունակական շղթա է». Բադասյանը միջազգային դոնորների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

«Սա շարունակական շղթա է». Բադասյանը միջազգային դոնորների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

12:17 8 Հկտ, 2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ եւ քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին եւ աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները:

Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին  փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձեւավորմանը՝ ստեղծելով բոլոր կարեւոր դերակատարների մեկ շարունակական եւ համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:

Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված  է ոչ միայն դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլեւ դատախազական եւ քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարեւորել է նաեւ Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարեւոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական եւ ընտրական բարեփոխումները, ինչպես նաեւ անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն:

Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին`  ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում եւ միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարեւոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:

loading...