Երվանդ Մանարյանին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում

Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

Որոշման մեջ նշվում է, որ կոչումը տրվում է Երեւան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, թատերարվեստի եւ հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար:

Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին, Արաքում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

1959-1961թթ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիեւի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիրգեղարվեստական ղեկավար։ Աշխատել է Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում եւ «Երեւան» կինոմիավորումում։ Եղել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» եւ այլն։

Անվանի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» եւ այլ ֆիլմերի համար, ինչպես նաեւ հրատարակել է մի շարք պատմվածքներ եւ հոդվածներ:

2005թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2018թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին ներդրած ավանդն ու ակնառու վաստակը թատերարվեստի եւ կինոարվեստի զարգացման բնագավառում, ինչպես նաեւ երկարամյա եւ բեղմնավոր գործունեությունը՝ առաջարկվում է Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում եւ Երեւան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

 

ԱՎԵԼԻՆ