Խնդրանք ունենք՝ ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում. «VWmare» ընկերության գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

Խնդրանք ունենք՝ ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում. «VWmare» ընկերության գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

19:03 7 Հկտ, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։ «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը եւ թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաեւ «VWmare» ընկերության գրասենյակը:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարեւոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս  «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, եւ մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձեւավորել Հայաստանի եւ Ձեր ընկերության միջեւ: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնավագառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարեւորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից»,- ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձել նաեւ մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացման տեմպերին, ներկայացրել ընթացիկ ցուցանիշները, գործադիրի կողմից ձեռնարկվող քայլերին:

«VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր եւ մասնակցել ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսին: Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների եւ այս ճյուղի դինամիկ զարգացման մասին:

«Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», – ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, եւ ներկայում Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական եւ մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձեւավորելու ճանապարհով:

Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին:

loading...