Արցախյան պատերազմի մասին պատմող «Իմ խաչը» ֆիլմն` արդեն մեծ էկրաններին

Արցախյան պատերազմի մասին պատմող «Իմ խաչը» ֆիլմն` արդեն մեծ էկրաններին

14:55 5 Հկտ, 2019

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, մեծ էկրաններ բարձրացավ Շավարշ Վարդանյանի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող «Իմ խաչը» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Նարինե Գրիգորյանն ու Երո Մուրյանը:

1991-92 թվականներին՝ Արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի եւ որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով եւ միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով։ Մինչդեռ հանգամանքների բերումով, նրանք ստիպված են լինում բաժանվել։ Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլեւ վիրավոր հոգին։

Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: Առանցքային դերերում ֆիլմասերները կտեսնեն նաեւ Շանթ Հովհաննիսյանին, Սարգիս Գրիգորյանին, Արմեն Մարգարյանին, Հովակ Գալոյանին, Ալեքսանդր Խաչատրյանին, Արա Սարգսյանին, Ռազմիկ Խոսրուին, Անի Խաչիկյանին, Անդրանիկ Խաչատրյանին, Լեւոն Մելոյանին, Լեւոն Ղազարյանին, Գնել Ուլիխանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Արկադի Ղարագուլյանին եւ այլ դերասանների:

Ֆիլմն առանձնահատուկ է պատերազմից ներկայացվող իրական վավերագրական դրվագներով: Ռեժիսոր Շավարշ Վարդանյանը 4 տարի անցկացրել է պատերազմի դաշտում.

«1988 թ-ից գնացել եմ Արցախ եւ այնտեղ լինելուս տարիներին բազմաթիվ մարտական կադրեր եմ նկարահանել, որոնք պատմում են մեր հերոս տղաների մասին: Դա իմ նպատակն էր, որ ոչ թե զենքով, այլ տեսախցիկով գնայի Արցախ, որպեսզի պատմությունը փոխանցեի սերունդներին: Ես վիրավորվել եմ, 5 տեսախցիկ եմ կորցրել, բայց կարողացել եմ փրկել շատ կադրեր: Շատ բաներ եմ տեսել. այդ ամենն իմ հիշողության մեջ էր ու տանջում էր ինձ, պետք էր անպայման բարձրացնել մեծ էկրան: Դա էլ ինձ ստիպեց վերցնել մատիտն ու գրել սցենարը»,-պատմում է նա ու հավելում.

«Այն, ինչ ես վավերագրական ֆիլմով ցույց էի տալիս, արտահայտում էի այն, ինչն իմ ներսում կար: Այս ֆիլմով ուզում էի ասել, որ պատերազմը վատ բան է. ընտանիքներ են քայքայվում, մարդկային զոհեր են լինում: Մարդիկ ֆինանսների համար պատերազմներ են հրահրում»:

Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ժակին մարմնավորող Երո Մուրյանը ինքն էլ բնակվում է Ֆրանսիայում, սակայն ի տարբերություն իր հերոսի՝ ռուսերեն լավ է խոսում. ասում է՝ բարդ էր ֆրանսիական արտասանությամբ ռուսերենը վերարտադրելը.

«Ի սկզբանե շատ հետաքրքրեց նախագիծն իր թեմայով: Կարծում եմ՝ շատ կարեւոր է ղարաբաղյան թեմայի մասին խոսելը: Ինձ շատ հետաքրքրեց կերպարի էվոլյուցիան: Մեկ վայրկյանում ժակի մոտ քանդվում է ամեն ինչ: Ինձ շատ հետաքրքիր էին նրա ներքին խնդիրներն ու գոյատեւելու պայքարը»:

Ալեքսանդր Խաչատրյանը թեեւ ներկայանում է փոքր դերով, կարծում է, որ կարեւորը հերոսի ճիշտ ասելիքն է.

««Իմ խաչը» մեր բոլորի խաչն է: Վստահ եմ, որ լավ ֆիլմ է: Կերպարս մեծ չէ, բայց արվեստագետի կերպար է, որն ամեն ինչ թողել է եւ գնացել պատերազմի դաշտ: Հուսամ, որ կարողացել եմ հավստիություն ներշնչել: Ինձ համար մեծ ու փոքր դերեր չկան, կարեւորը ասելիքն է եւ այն, թե ինչ ես ներկացնում»:

Երգիչ Հայկոյին վստահվել էր ստեղծել ֆիլմի սաունդրեքը: «Մի վախեցիր» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի կոմպոզիտորի համար սա պատերազմի մասին ֆիլմի շուրջ երրորդ աշխատանքն էր.

«Երաժշտության մասին խոսելն ինձ մոտ լավ չի ստացվել երբեք: Ես ցանկանում եմ, որ ֆիլմը նայելուց հետո գնահատեք իմ աշխատանքը: Թեման, իհարկե, ինձ շատ հոգեհարազատ է: Ինձ համար «Իմ խաչը» ֆիլմի անվանումն ու թեման շատ հուզիչ էր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրական պատմությունը փոխանցենք մեր սերունդներին: Շատ երաժշտական ռեսուրսներ են ծախսվել, ինչ հնարավոր էր, արել ենք ֆիլմի համար: Երբ ինձ նման ֆիլմեր են ներկայացնում, ես չեմ հավատում, որ կարող եմ երաժշտություն ստեղծել դրանց համար: Ուղիղ մեկ տարի աշխատել ենք երաժշտության շուրջ ու շատ ուրախ եմ, որ ստացվել է այս համագործակցությունը»,-իր խոսքում նշեց նա:

Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանն ու Վալերի Սահարյանը, որոնք ֆիլմի աշխատանքներին ձեռնամուխ են եղել դեռեւս 2014 թ-ից:

«Սկզբում այն ուներ «Երկար վերադարձ» աշխատանքային վերնագիրը: Այս ընթացում աշխատում էինք շատ չխոսել ֆիլմի մասին, փորձում էինք այն ներկայացնել արդեն ավարտուն տեսքով: Այս 5 տարիների ընթացքում ստացել ենք գեղեցիկ ֆիլմ, որն անվանվեց «Իմ Խաչը»: Ֆիլմն իրական պատմությունների վրա է ստեղծված, հստակ պատկերացում ունեինք, թե որ կերպարն ինչ տեսք ուներ. դա կրկնակի բարդացնում էր դերասանների ընտրության պրոցեսը, քանի, որ պետք է փորձեինք ընտրել մաքսիմում նման կերպարների»,-նշեց Հրաչյա Մեսրոպյանը:

Վալերի Սահարյանը կարեւորում է պատմությունը ճշգրտորեն սերունդներին փոխանցելու գաղափարը.

«Մենք այսօր շատ հետաքրքիր դարաշրջան ենք ապրում, երբ բոլորը սկսել են վերարտադրել պատմությունը: Երբ հնարավորություն ունեցա ծանոթնալու Շավարշի վավերագրական ֆիլմին, կասկած չունեցա, որ այն պետք է ներկայացվի հանրությանը»,-ասում է նա՝ հավելելով, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ Գյոմրիում եւ Ստեփանակերտում.

«Ծրագրեր ունենք մասնակցելու նաեւ տարբեր փառատոնների, արդեն հայտերի մի մասը պատրաստել ենք: Իհարկե, սպասում ենք, որ կլինի բացասական արձագանք մեր հարեւանների կողմից: Նման խնդրի արդեն բախվել ենք նկարահանումների սկզբին: Օրինակ՝ մեր մյուս գործընկերը, որը Բուլղարիայից էր, ստիպված եղավ լքել նախագիծը, քանի որ Ադրբեջանը կարողացել էր ներկայացնել իր հետաքրքրություններն այս նախագծի վերաբերյալ:  Բայց մենք նկարահանեցինք ֆիլմը, եւ որքան էլ մեզ փորձեն խոչընդոտել, ես երաշխավորում եմ, որ այն միջազգային փառատոններում կներկայացվի: Աշխարհը պետք է տեսնի այս ֆիլմը, որովհետեւ կարեւոր է, որ պատմությունը չմոռացվի: Չենք բացառում նաեւ, որ մյուս տարի ֆիլմը կներկայացնենք «Օսկարի»»:

loading...