Գոռ Մինասյանն՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Գոռ Մինասյանն՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

16:11 27 Սպտ, 2019

Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում հավաքելով 460 կգ։

Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։

Աշխարհի քառակի չեմպիոն հռչակվեց 2016թ․ Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 484 կգ՝ աշխարհի ռեկորդ։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը՝ բարձրացնելով 212 կգ, ինչը անձնական ռեկորդ է։ Լաշա Տալախաձեն առաջին վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ՝ 220 կգ։ Թեեւ պետք է նշել, որ Տալախաձեն 220 կգ բարձրացրել է նաեւ 2017թ․ աշխարհի առաջնությունում, որի ընթացքում հանդես է եկել 105 կգ քաշային կարգում։

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248 կգ, Տալախաձեն՝ 264 կգ՝ աշխարհի ռեկորդ։

24-ամյա Գոռ Մինասյանը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․  աշխարհի փոխչեմպիոն, 2017թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013թ․ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012թ․ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:

loading...