Արցախի ԱԺ-ում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում

Արցախի ԱԺ-ում տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպում

17:02 11 Սպտ, 2019

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ եւ պետական կառույցների ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու եւ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:

«Վստահությամբ կարող եմ ասել, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության շրջանակը՝ ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը: Եվ մենք ունենք բոլոր նախադրյալները համատեղ օրակարգն առաջ մղելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու՝ երկուստեք ներգրավվելով քաղաքական ու հասարակական լայն խմբեր»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի եւ Ֆրանսիայի բնակավայրերի միջեւ բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության  նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում: Ընդգծելով Ֆրանսիայի եւ Արցախի՝ համամարդկային եւ ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին եւ նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը: «Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում»,-ընդգծել է խորհրդարանականը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը եւս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղղու մասին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:

Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ մարդասիրական ուղղություններում համագործակցությանը վերաբերող առաջարկներ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի հիշատակին: Պատվիրակությունն այնուհետեւ ծաղիկներ է խոնարհել Արցախի ազատագրման համար նահատակված զինվորների շիրմաքարերին:

loading...