Միհրան Պողոսյանի մասին տեղեկություն չունեմ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Որքան ես եմ հասկանում, եթե մարդը գտնվում է ՌԴ-ում, դա դեռ չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է ստացել:

«Ես նման տեղեկություն չունեմ: Իմ տեղեկություններով՝ խոսքն անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման իրավական ընթացակարգի մասին է»,- ասաց դիվանագետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա կարելի է դիտարկել որպես ՀՀ նոր իշխանություններին ուղղված մեսիջ, դեսպանը նշեց.

«Որեւէ մեսիջ այդտեղ չեմ տեսնում: ՀՀ նոր իշխանություններին ուղղված մեսիջը հստակ է. մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ եւ եղբայրական ժողովուրդներ: Այդ առնչությամբ ՌԴ դիրքորոշումը որեւէ կերպ չի փոխվել: Որքան ես եմ հասկանում, դա համապատասխանում է ՀՀ կառավարության դիրքորոշմանը»:

Նշենք, որ Հայաստանի դատախազությունը վերջերս տեղեկություն էր տարածել, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված տեղեկությունների՝ Միհրան Պողոսյանին հանձնելու միջնորդության բավարարումը՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, հնարավոր չի գնահատվել՝ հիմք ընդունելով 22.01.1993թ. «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի 19-րդ հոդվածի կետերը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) եւ 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշաբար առաջ է բերել ծանր հետեւանքներ)։ Նա կալանավորվել է ապրիլի 19-ին Ռուսաստանում, Պետրոզավոդսկ քաղաքում։

ԱՎԵԼԻՆ