«Օգնեք չեղարկել նախկինում տրված շինթույլտվությունները». Արթուր Մեսչյանը՝ Երեւանի ավագանու անդամներին

Արդյոք մենք ուզում ենք, որ Երեւանի թաղամասերում, քաղաքի սրտում պահպանվեն ահռելի քանակի ավտոտնակներ, խայտառակ որակի բնակելի տներ եւ ինչ ճանապարհ կա այդ բակերը վերադարձնել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա առաջարկեց այդ հարցի պատասխանի մի քանի տարբերակ. «Տարբերակ 1. երեւանցիներն ամեն մեկն իր ունեցած ավտոտնակը քանդում է եւ տարածք է ստեղծում իր երեխայի խաղալու համար: Քանի՞ երեւանցին կհրաժարվի  իր ավտոտնակից: Կարծում եմ՝ մի 10 հոգի կգտնվի, ոչ ավելի:

Տարբերակ 2. գա կառուցապատող, որը հնարավորություն ունենա վերացնել բոլոր ավտոտնակները, կառուցի մի կառույց, տրամաբանական, չխախտի քաղաքաշինական նորմերը, ապահովի ավտոտնակների սեփականատերերին կանգառի տեղ իր կառուցած շենքում, բարեկարգի տարածքը եւ առաջին հարկում կազմակերպի մանկապարտեզ: Այդտպես է Թումանյան փողոցում:

Տարբերակ 3. Թույլ չտալ անել ընդհանրապես ոչ մի բան:

Ի վերջո, պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր քաղաքից, ինչ պայմաններ են ծանրացած մեզ վրա, ինչ ժառանգություն ենք ստացել: Ժառանգությունը միայն այն չէ, որ 18 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տրվել, այլ այն, որ այլանդակ շինություններով օկուպացրել են քաղաքի թաղամասերը»,-հայտարարեց Մեսչյանը:

Նա կոչ արեց ավագանուն օգնել, որ այնպիսի օրենսդրական դաշտ ունենանք, որ հնարավոր լինի չեղարկել նախկինում տրված շինարարական թույլտվությունները. «Այստեղ մենք թույլ ենք, որովհետեւ մեզ դատի կտան եւ հաստատ կշահեն դատը: Քաղաքն այսօր պաշտպանված չէ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ իրենք փորձում են նման տարածքների սեփականատերերի հետ հայտարարի գալ, այլ տարածքներ առաջարկել, սակայն Երեւանում ազատ տարածքներ գրեթե չկան, բոլորը նախկին տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից բաժան-բաժան է արվել

ԱՎԵԼԻՆ