24-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Նա մահացել է կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ. ՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:

Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ԱՎԵԼԻՆ