Ամուլսարի ճանապարհի փակ լինելը բացասաբար է ազդում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի վրա. Փաշինյան

Ամուլսարի ճանապարհի փակ լինելը բացասաբար է ազդում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի վրա. Փաշինյան

14:55 9 Սպտ, 2019

ՀՀ օրենսդրությամբ՝ Հայաստանի կառավարությունը  ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում կատարվող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկացած պահի կարող ենք գնալ օդի, ջրի նմուշ վերցնել, աղմուկի մակարդակը չափել, եւ երբ որ կարձանագրվի ինչ–որ խախտում՝ կառավարությունն ունի լծակներ այդ խախտումներին ընթացք տալու, եւ դրա չվերացման պարագայում հանքի շահագործումը մեկընդմիշտ արգելելու կամ լիցենզիան չեղարկելու։ Ցավոք սրտի մեր մոնիթորինգային հնարավորությունները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ մեր ցանկություններին, եւ ես խնդիր եմ դրել Շրջակա միջավայրի պահպանության նախարարության առաջ եւ ընդհանրապես մեր կառավարության առաջ բոլոր անհրաժեշտ տեխնիկան գնի մինչեւ հաջորդ տարվա ամառ, որպեսզի մենք պատշաճ մակարդակի մոնիթորինգ իրականացնենք»,- ասաց վարչապետը։

Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու մոնիթորինգի համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերվեն մինչեւ  2020թ. ամառը։ «Ամենաշուտը «Լիդիան»–ը շինարարական  աշխատանքները կսկսի ապրիլ– մայիսին, կապված եղանակների հետ, այդտեղ մի քանի ամիս կիրականացնեն  շինաշխատանքները, իսկ Ամուլսարի բուն շահագործման ամենամոտ ժամկետը, որ կարող է տեղի ունենալ, 2020թ. չորրորդ եռամսյակն է, բայց ամենահավանական ժամկետը 2021թ. առաջին եռամսյակն է»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը եւս մեկ անգամ նշեց, որ եթե այսօր բացվի Ամուլսարի ճանապարհը, այնտեղ շինարարությունը չի սկսվելու առնվազն 2020թ. ապրիլ. «Բայց այդ ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի եւ վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պռոբլեմներ է ստեղծում։ Ես խնդրանքով դիմում եմ Ջերմուկի մեր սիրելի բնակիչներին նաեւ սա հաշվի առնել, որ եթե ենթադրենք այնտեղ ճանապարհը բաց է, այնտեղ շինարարական աշխատանքները «Լիդիան»–ի աշխատակիցների պնդմամբ, մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվի։ Մենք ունենք հանդարտ պայմաններում ստանալ ձեր, մեր բոլորիս հարցերի պատասխանները ստանալ։ Եւ ես ջերմուկցիներին ճանապարհները ապաշրջափակելու կոչ եմ անում, նաեւ այն փաստը հաշվի առնելով, որ ի դեմս կառավարության դուք ունեք ներկայացուցիչ, որն աշխատում է թափանցիկ, փակ դռների հետեւում թաքուն պայմանավորվածություն ձեռք չի բերում  եւ բարձացնում է այն հարցերը, որոնք դուք եք բարձրացնում, եւ այստեղ մենք ու դուք չկա»։

loading...