Վրաստանի նոր վարչապետ է դարձել Գեորգի Գախարիան

Այսօր Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է ներկայացրել նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ կառավարության նոր կազմին, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:

Նոր վարչապետի օգտին քվեարկել է 98 պատգամավոր: Փաստը, որ ընդդիմությունը չի մասնակցել նիստին, չի անդրադարձել կառավարությունը հաստատելու գործընթացի վրա:

Գախարիան դարձել է հինգերորդ վարչապետը, որն առաջադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից  վերջին յոթ տարիների ընթացքում: Այդ պաշտոնում նա փոխարինել է Մամուկա Բախտաձեին, որը ղեկավարել է կառավարությունը մեկ տարի երկու ամիս շարունակ: Հեռանալով պաշտոնից՝ Բախտաձեն նշել է, որ ստեղծել է զարգացման ռազմավարական շրջանակ, իսկ կուսակցությունում վարչապետի փոփոխության գործընթացն անվանել են որպես «կառավարման հորիզոնի կատարելագործում»:

Վարչապետի պաշտոնում Գեորգի Գախարիայի թեկնածությունը պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերի 3-ին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքում, որին ներկա էր միավորման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին հայտարարել է, որ տարբեր կառավարական պաշտոններում իր գործունեությամբ Գախարիան արժանացել է վարչապետի պաշտոնին:

Վրաստանում շատերը ոչ միանշանակ են ընդունել Գախարիայի նշանակումը, քանի որ նրա ղեկավարության ներքո ՆԳՆ-ն անցկացրել է մի քանի աղմկահարույց հատուկ գործողություններ՝ սկսած Թբիլիսիի գիշերային ակումբներում ռեյդերից, որոնց համար նախարարը ստիպված էր հրապարակայնորեն ներողություն խնդրել, վերջացրած Պանկիսի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող բնակչության դեմ հատուկջոկատայինների գործողություններով:

Գեորգի Գախարիան 44 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում 1975թ. մարտի 19-ին: 1994թ. նա ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1994-2000 թթ. Գախարիան սովորել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2002-2004թթ. նույն համալսարանի բիզնես դպրոցում, որտեղ եւ ստացել է մագիստրոսի աստիճան:

2004 թ. մայիսից մինչեւ 2008 թ. նոյեմբերը Գախարիան աշխատել է Մոսկվայում SFK Group մասնավոր ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:

2006թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. մայիս եղել է հրավիրված դասախոս ՄՊՀ-ում եւ կարդացել է կիրառական բիոտեխնոլոգիայի թեմայով դասախոսություններ:

2008 թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. փետրվարը Գախարիան աշխատել է Lufthansa Service Holding AG. LSG-ում որպես Արեւելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում եւ ՌԴ-ում բիզնեսի զարգացման գծով տնօրեն:

2013թ. մարտից մինչեւ 2016թ. հուլիս նա զբաղեցրել է Վրաստանի կառավարությունում բիզնես օմբուդսմենի պաշտոնը: 2014-2016թթ. աշխատել է որպես Տնտեսական խորհրդի քարտուղար: 2016-2017թթ. Գախարիան եղել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար: 2017թ. նոյեմբերի 13-ից նա զբաղեցրել է Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնը:

Հարկ է նշել, որ Գեորգի Գախարիան Ռուսաստանի քաղաքացի էր մինչեւ 2016 թվականի նոյեմբերը եւ հրաժարվել է իր քաղաքացիությունից Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ առաջ: Չնայած վարչապետի թեկնածուն արդեն չունի ռուսական քաղաքացիություն՝ վրացական ԶԼՄ-ները բազմիցս հարց են առաջադրել այն կապերի մասին, որոնք Գախարիան հաստատել է Ռուսաստանում ուսման եւ աշխատելու տարիներին:

ՆԳՆ-ում գործունեության ժամանակ Գեորգի Գախարիայի ձեռքբերումներից են համարվում հետիոտն պարեկային ծառայության հիմնումը զբոսաշրջային տեղանքներում եւ նախարարությունում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ստեղծումը:

 

ԱՎԵԼԻՆ