Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր․ 3 օր առաջ եմ իմացել, որ իմ թեկնածությունն է առաջադրվելու

Ֆիզկուլտ ինստիտուտում կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ կլինեն։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, որը սեպտեմբերի 2-ին Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Պարոն Խիթարյան, շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար առաջրվեցիք Դուք:

Երկար տարիներ աշխատելով Ֆրանսիական համալսարանում, հասցրել եմ ծանոթանալ անդրազգային կրթական ծրագրին: Ավելին՝ շատ մոտից եմ ծանոթ, գտնվում եմ հենց այդ համակարգի մեջ: Աշխատանքային տարիների ընթացքում, շփվելով բուհական համակարգի հետ, զգում էի, որ կարիք կար փոփոխությունների: Ինքս երբեք չեմ եղել թաքնված խաղացող. երբ լսեցի արդեն նախկին ռեկտոր Վահրամ Առաքելյանի հրաժարականի մասին, հնարավորություն ունեցա իմ տեսակետները հայտնել նախարարությունում ինստիտուտի, կրթական համակարգում փոփոխությունների, հայկական սպորտի զարգացման վերաբերյալ:

Ի՞նչ փոփոխությոնների մասին է խոսքը:

Ինձ համար հայկական սպորտն ու ինստիտուտը շաղկապված են: Նախկինում աշխատողները, դասախոսները պարծենում էին, որ ինստիտուտում սովորում են բարձրակարգ մարզիկներ: Ինձ համար սա պարծենալու բան չէ, որովհետեւ այդ նույն բարձրակարգ մարզիկները հետո չեն դառնում բարձրակարգ մարզիչներ: Եթե դառնային, այդ ժամանակ նոր բուհի աշխատողների պարծենալն ինձ համար արդարացված կլիներ: Շատ լավ է, որ բարձրակարգ մարզիկները սովորում են այս բուհում, բայց արդյո՞ք այդ մարզիկները ստանում են որակյալ կրթություն հետագայում որակյալ մարզիչներ դառնալու համար: Ինձ համար սա խնդիրներից մեկն է:

Իմ այս տեսակետները, մոտեցումները նախարարությունում ներկայացնելուց հետո տեղեկացա, որ հոգաբարձուների խորհրդի անդամների, մասնավորապես լիազոր մարմնի կողմից ինձ հրավիրել են հանձնաժողովի անդամների հետ հանդիպման:

Այդ հանդիպումից մեկ շաբաթ անց հանձնաժողովն առաջադրեց իմ թեկնածությունը ռեկտորի թափուր պաշտոնում:

Իսկ ե՞րբ տեղեկացաք, որ առաջդրվում եք որպես թեկնածու:

Ընտրվելուց երեք օր առաջ ես հանդիպեցի հիմնադիր եւ լիազոր մարմնի կողմից հաստատված հոգաբարձուների մարմնի անդամների հետ, նրանք ինձ ասացին, որ բոլորով միահամուռ կանգնել են իմ թեկնածության վրա: Սրա մասին ես իմացել եմ ընդամենը 3 օր առաջ, եւ ինձ համար դա հաճելի անակնկալ էր:

Ցավով ուզում եմ նշել, որ իմ այս ու բազմաթիվ այլ տեսակետներ ցանկացել եմ հայտնել ինստիտուտի կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բայց շատերն ուղղակի չեն համարձակվել ինձ հետ հանդիպել: Ես իրենց չէի կանչում ասելու ինձ քվեարկեք, այլ ասում էի՝ լսեք ինձ, իմ տեսակետները: Դասախոսները խուսափել են ինձ հետ հանդիպելուց տարբեր պատճառաբանություններով: Օրինակ՝ երբ տեղեկացա, որ առաջադրվում եմ, զանգահարեցի մի քանի դասախոսի եւ առաջարկեցի միասին քննարկել, լսել տեսակետներ կրթական համակարգում փոփոխությունների վերաբերյալ:  Նրանք հանդիպման չեկան տարբեր պատճառաբանություններով։

Սա մանկամիտ, ճորտատիրական հոգեբանություն է, ճորտատիրական մտածելակերպ եւ այսպիսի մտածելակերպ ունեցող մարդիկ չեն կարող ուսանողներ պատրաստել: Մեր երկիրը գնում է փոփոխությունների, ազատ մտքի արտահայտման եւ մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով: Միանշանակ իմ կողմից բուհում ոչ մի կարծիքի սահմանափակում, ոչ մի ճնշումներ այլ կարծիքների նկատմամբ չի լինելու: Բայց լինելու են շատ չոր ու կոպիտ պատասխաններ նրանց, ովքեր օրենքի խախտումներով կամ այլ ճանապարհներով կփորձեն ինչ-որ հարցեր լուծել:

Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ ռեկտորից՝ Վահրամ Առաքելյանից:

Այս ինստիտուտին ես ամբողջությամբ տիրապետում եմ: Չկա ոլորտ ու բաժին, որ ես չտիրապետեմ: Դասախոսների մի մասը նաեւ իմ դասախոսներն են եղել: Կրթական առումով վատ ժանագություն չեմ ստացել: Շուրջ երեք տարի այստեղ եղել եմ մագիստրատուրայի հանձնաժողովի նախագահը: Եվ այդ ընթացքում ինձ համար բացահայտել եմ, որ շատ առողջ բջիջներ, ուսանողներ ունենք, որոնք մեծ ցանկություն ունեն կրթության ոլորտում կատարելագործվելու: Նրանց համար հարկավոր է միայն հնարավորությունների դաշտ բացել, նրանք պետք է հնարավորություն ունենան միջազգային կրթական ծրագրերին ծանոթանալ, փորձի փախանակում լինի: Այս ամենը հաշվի առնելով, մեծ ուշադրություն է դարձվելու ասպիրանտական ծրագրերին: Այն ուսանողները, որոնք ցանկություն են հայտնում կրթության ոլորտում շարունակել իրենց գործունեությունը, նրանց համար կտրվեն հնարավորություններ:

Ինչ վերաբերում է ֆինանսական, տնտեսական ժառանգությանը, առայժմ ոչինչ ասել չեմ կարող:  Չեմ կարող ասել՝ ինչ ունենք եւ ինչ չունենք այժմ, բայց, անելիքներ շատ կունենանք:

Կարեւոր խնդիրներից մեկն է լինելու ինստիտուտի մարզադահլիճների թողունակությունն ապահովելը: Ինստիտուտի մարզադահլիճները գրեթե դատարկ են եւ որեւ հավաքական, թիմեր, խմբեր չեն մարզվում այդ դահլիճներում:

Երբ ես ձյուդոյի հավաքականի մարզիչն էի, մենք մարզվում էինք այս ինստիտուտի դահլիճում: Մեր մասնագիտության դասին մարզադահլիճում ասեղ գցելու տեղ չկար: 2004 թվականին, երբ Արմեն Նազարյանն առաջին անգամ պատրաստվում էր Օլիմպիական խաղերին, մարզումների ժամերին եւ դահլիճից ուսանողներին հանում էի, որովհետեւ տեղ չէր լինում, շատ ուսանող էր գալիս մարզմանը հետեւելու: Հիմա բոլոր մարզադահլիճները պարապուրդի են մատնված, եւ իմ խնդիրներից մեկը մարզադահլիճների աշխատանքը նորից վերականգնելն է: Այստեղ պետք է աշխատեն նաեւ մանկապատանեկան խմբեր:

Ո՞րն է լինելու ինստիտուտի հիմնական խնդիրը Ձեր ղեկավարության օրոք:

Հայաստանում սպորտի ապագան տեսնում եմ ակումբային համակարգի զարգացումով, այլ ոչ թե մանկապատենական, պետական դպրոցների վերանորոգումով կամ կահավորումով: Դա չինովնիկական, սովետական մնացորդային համակարգ է, որից որքան շուտ ազատվենք, այնքան լավ: Պետք է գտնենք ճանապարհներ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով ազատականացնենք սպորտը, որպեսզի զարգանան մասնավոր ակումբները: Հենց սրանք են իմ տեսակետները, որոնք ես ներկայացրել եմ նախարարությանը: Ծրագրային առումով ինստիտուտը պետք է լինի առաջատարը, այլ ոչ թե պասիվ դիտորդի դերում:

Իսկ կադրային փոփոխություններ կլինե՞ն:

Փոփոխություններ կլինեն, բայց հաստատ միանգամից ամբողջ դասախոսական կազմը չի փոխվի: Կադրային փոփոխություններն էլ կլինեն, եթե մասնագետների, դասախոսների որակավորումը չհամապատասխանի այն ծրագրերին, որոնք ես ցանկանում եմ իրականացնել: Ես ինքս պատրաստ եմ աշխատել այս թիմի հետ։ Իրենք պատրաստակամ են, թե ոչ՝ կերեւա ընթացքում:

Լուսինե Շահբազյան

ԱՎԵԼԻՆ