Տյոմն ամփոփում է «Նոր ալիք»-ում իր երկու ելույթներն ու պատմում տրամադրվածության մասին

«Նոր ալիք 2019»-ի շրջանակում այսօր մեկնարկելու է մրցութային երրորդ օրը: Նախորդ երկու համերգների ընդհանուր արդյունքով Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը վաստակել է 150 միավոր: Թեեւ հայ մասնակիցը այս պահին մրցույթի աղյուսակում 9-րդն է, երրորդ մրցութային օրը կարող է որոշիչ լինել ոչ միայն նրա, այլեւ շատերի համար:

Մրցույթի առաջատարը առայժմ շարունակում է մնալ Ալբանիայի ներկայացուցիչը՝ Ինես Նազերին:

Ի՞նչ տպավորություններ ունի Տյոմը մրցութային երկու օրերից հետո, ինչպե՞ս է տրամադրված այսօրվա ելույթին եւ ինչպե՞ս է վերաբերվում ժյուրիի գնահատմանը. NEWS.am STYLE-ը զրուցել է այժմ Սոչիում գտնվող մեր մասնակցի հետ.

«Իմ երկու օրերի ելույթներն, իրականում, լավ եմ գնահատում, այն, ինչ պահանջված էր ինձանից, ես արել եմ, իմ ուժերի սահմաններում շատ լավ եմ ներկայացել: Երեկվա ելույթս ինձ շատ է դուր եկել, շատ ուրախ եմ դրա համար, քանի որ այն միշտ կմնա իմ պատմության մեջ: Ուրախ եմ, որ արժանապատիվ ելույթ եմ ունեցել»:

Երեկ Տյոմը ներկայացել է Գոռ Սուջյանի եւ Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգով: Հայ մասնակիցը նշում է՝ բավականին լավ արձագանքներ է ստացել ու ստանում իր ելույթից հետո:

«Ծանոթ, անծանոթ՝ բոլորը մոտենում են, նշում, որ հավանել են իմ երգը, անգամ հետաքրքրվում էին՝ կա՞ արդյոք արդեն համացանցում, թե՞ ոչ: Հասկացա, որ շատ է սիրվել ելույթս: Երեւան գալուց հետո արդեն կմտածեմ տեսահոլովակի մասին»:

Այս տարվա մրցույթն աչքի ընկավ նաեւ ժյուրիի գնահատման համակարգի փոփոխությամբ: Եթե նախկինում մասնակիցներն իրենց ելույթներից անմիջապես հետո տեսնում էին ժյուրիի անդամների բարձրացրած միավորները, ապա ըստ այժմյան կանոնների՝ ժյուրին միավորները բարձրացնում է միայն բոլոր մրցութային ելույթների ավարտից հետո, ընդ որում՝ ժյուրիի յուրաքանչյուր անդամ կարող է նշանակել միայն երկուական 9-ը եւ 10 միավորներ: Մնացած միավորների դեպքում նման սահմանափակում չկա:

Տյոմից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում գնահատման նոր կարգին:

«Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե ոչ: Անկեղծ ասած՝ ինձ համար դա նշանակություն չունի, իմ միակ նպատակն այն է եղել, որ ես բարձր մակարդակով ներկայացնեմ մեր երկիրը: Հուսով եմ՝ ինձ դա հաջողվել է: Գնահատականներն արդեն հարցի երկրորդ կողմն են: Սա մրցույթ է… Իհարկե, հաճելի կլիներ վաստակել բարձր միավորներ, բայց մրցույթ է, մարդիկ տարբեր ճաշակներ ունեն»:

Մեր զրույցի ընթացքում հայ մասնակիցն արդեն պատրաստվում էր մեկնել փորձի. նա հասցրեց կիսվել նաեւ իր սպասումներով.

«Այսօր արդեն մրցութային երրորդ օրն է: Կրկին շատ լավ տրամադրվածությամբ, բարձր տրամադրությամբ պատրաստվում եմ դրան: Արդեն գնում եմ փորձի: Այսօր էլ այնպես եմ անելու, որ էլի ելույթս լավը լինի, որպեսզի թե հայերը, թե ես շատ գոհ լինենք իմ ելույթից, ես էլ ուրախանամ, որ «Նոր ալիք»-ում ունեցել եմ երեք հրաշալի կատարում: Չեմ կարող ասել՝ ինչ ակնկալիքներ ունեմ, բայց երեւի կրկնվեմ՝ սա շատ մեծ հնարավորություն էր ինձ համար միջազգային հարթակ դուրս գալու, եւ այս տարի ամենալավն այն է, որ մենք ներկայանում ենք մեր հեղինակային երգերով, մեր ձեռագրով, մեր ոճով, եւ քեզ հենց դրանով են գնահատում: Ինձ համար առաջնային կարեւոր է ժողովրդի արձագանքը, որն, ի ուրախություն ինձ, դրական է»:

Ինչ վերաբբերում է ֆավորիտներին՝ Տյոմը նշում է.

«Չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկ ֆավորիտի, որովհետեւ բոլորը տարբեր են՝ յուրաքանչյուրն իր ոճի մեջ»:

Այսօր Տյոմը ներկայացնելու է Նիկ Էգիբյանի ու Աննա Հարությունյանի հեղինակած Give Me Your Love երգը:

Ի դեպ, բացի մրցանակային տեղերից մասնակիցները հնարավորություն ունեն արժանանալու այլ հատուկ մրցանակների: Դրանցից մեկի՝ «Ամենաոճային մասնակցի» օնլայն քվեարկության արդյունքում՝ Տյոմն առաջատարներից է: Հայ մասնակիցն այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Տյոմի օգտին կարող են քվեարկել աշխարհի ցանկացած ծայրում գտնվող մեր հայրենակիցները: Դրա համար պարզապես պետք է այցելել newwave-2019.wmj.ru կայք եւ հավանել Տյոմի նկարը:

ԱՎԵԼԻՆ