2019 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ խախտումներ են հայտնաբերվել, քան 2018-ին. ՊԵԿ

Տոկոսային հարաբերությամբ  2019 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ խախտումներ են հայտնաբերվել, քան 2018 թվականին, չնայած նրան, որ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ միջոցներ են ձեռնարկվել: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում «անօրինական ձեռնարկատիրական գործունեություն» հոդվածով արձանագրվել է 126 խախտում, որոնց հիման վրա կազմվել է 89 ակտ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 47.9 միլիոն դրամ:

«Առանց համապատասխան լիցենզիայի գործունեության մասին հոդվածով հայտնաբերվել է ավելի քան 30 դեպք, դրանցից 20-ի վերաբերյալ  կազմվել են ակտեր, իսկ  այդ տեսակի իրավախախտման համար պատճառված վնասի ընդհանուր գումարը կազմել է 21,5 միլիոն դրամ:

Առանց անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց խախտմամբ ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու գործունեության մասին հոդվածի համաձայն՝ հայտնաբերվել է 458 դեպք, 361 դեպքերով կազմվել են ակտեր, իսկ տուգանքների չափը կազմել է 306 միլիոն դրամ: Մնացած բոլոր դեպքերով քննություն է ընթանում», – ասաց նա:

Պաշտոնյան նշեց, որ ԵՏՄ շրջանակներում գործունեության  հետ կապված խախտումները,  կապված են հաշվետվության փաստաթղթերի կազմման ժամանակ չարաշահումների հետ, երբ տնտեսվարող սուբյեկտները  ապրանքների ներմուծման ժամանակ նշում են ակնհայտ ցածր գին` ավելի քիչ հարկեր վճարելու համար, եւ  խախտումների մեծ մասը գրանցվում է Ռուսաստանից ռեզիդենտ ընկերությունների կամ ՌԴ հետ կապված  ընկերությունների  դեպքում, ինչի  կապակցությամբ սերտ համագործակցություն  է իրականացվում ռուս գործընկերների հետ:

«Ավելի քիչ հարկեր վճարելու ձգտում է նկատվում նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ ահատ ձեռներեցի կողմից վարձու աշխատողին ձեւակերպելիս: Նույն նպատակն են հետապնդում ընկերությունները, որոնք ձգտում են խոշոր ձեռնարկությունը բաժանել մանրերի այն նպատակով, որպեսզի խուսափեն լրացուցիչ հարկերի վճարումից: Այս խնդրի լուծման համար ՊԵԿ-ն օրինագիծ է պատրաստում, որը թույլ կտա պայքարել նման երեւույթի դեմ»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ապահովագրական ընկերությունների դեմ քրեական գործերի շրջանակում, որոնք 2018 թվականին հարուցվել էին միջնորդավորված ծառայությունների տրամադրման կանոնների խախտման հետ կապված, վերականգնվել է 138 մլն դրամ, իսկ որոշ գործերով քննությունը դեռ շարունակվում է:

Պաշտոնյան հավաստիացրեց, որ ՊԵԿ-ն բոլոր ընկերություններին նույն կերպ է վերաբերվում, իսկ այս կամ այն կազմակերպության կողմից նախկին ոճով գործունեություն իրականացնելու փորձի դեպքում համապատասխան ձեւով է արձագանքում:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ փուլում է Գյումրիում նոր մաքսատան կառուցման նախագիծը, նա պարզաբանեց, որ Կառավարությունն ընդհանուր նախատեսել է 2,2 մլրդ դրամ եւ 966 մլն դրամն արդեն հատկացվել է:

ԱՎԵԼԻՆ