ՔԿ–ն հրապարակել է Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի 3D մոդելավորումը

Քննչական կոմիտեն հրապարակել է Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի եւ դեպքի վայրի եռաչափ մոդելավորման տեսանյութը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ եւ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 եւ 1974 թվականներին:

Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի  Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։

ԱՎԵԼԻՆ