Սևան-Հրազդան կասկադի կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա, որը ծածկում է ՀՀ սպառածի շուրջ 10 տոկոսը. ՄԷԿ գլխավոր տնօրեն (Տեսանյութ)

Սևան-Հրազդան կասկադի արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը, համոզված է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը։

«Կասկադում այժմ աշխատում է 7 կայան, սահմանված հզորությունը 560 մեգավատից ավելի է։ Մեր կայաններն արտադրում են էլեկտրաէներգիա, որը ծածկում է Հայաստանի Հանրապետության սպառած էլեկտրաէներգիայի մոտավորապես 10 տոկոսը», – ներկայցնելով կասկադում իրականացված աշխատանքները՝ ասաց Զոհրաբյանցը։

Կասկադի կարևորությունը միայն էլեկտրաէներգիայի գեներացման մեջ չէ, այն ապահովում է ՀՀ ողջ գյուղատնտեսական հողատարածքների մոտ 70 տոկոսի ոռոգումը։

«Մեր ջրանցքներով, թունելներով անցնում է ջուր ու մենք կառավարում ենք այդ ջրանցքների, թունելների ու այլ հիդրոտեխնիկական կառույցների ավելի քան 60 կիլոմետրը», – ներկայացրեց ՄԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Կասկադի պատմությունը սկսվել է 1936 թվականին, երբ կառուցվել է Քանաքեռի ՀԷԿ-ը՝ 100 մեգավատ հզորությամբ։ Այնուհետև գործարկվել է Սևանի ՀԷԿ-ը, որը բացառիկ կայան է, այն առաջին ստորգետնյա կայանն է ԽՍՀՄ-ում ու այդ կառույցը մինչ այժմ էլ բացառիկ է համարվում, որովհետև աշխարհում ստորգետնյա կայաններն էլ այդքան էլ շատ չեն։

Այնուհետև գործարկվել է Արգելի ՀԷԿ-ը՝ հիդրոհամալիրի ամենամեծ կայանը, Արզնի ՀԷԿ-ը, Հրազդանի ՀԷԿ-ը, Երևանի-1 ՀԷԿ-ն ու Երևան-3 ՀԷԿ-ը։

Տնօրենի խոսքով՝ կասկադի պատմությունը հարուստ է ու այնտեղ առկա սարքավորումները հիմնականում բավականին հին ու մաշված են։

Այս ընթացքում, ինչ «Ռուսհիդրոն» կառավարում է կասկադը, մշակվել է արդիականացման ծրագիր։

«Ներգրավվել են բավականին լուրջ ներդրումներ ու այսքան մասշտաբային արդիականացում համալիրը մինչ այդ չի տեսել, նման աշխատանքներ չեն եղել։ Երևան-1 ՀԷԿ-ը ամենախոշոր կառույցն է, որն արդիականացվել է ծրագրի շրջանակներում, փաստացի՝ կառուցվել է նոր կայան։ Փոխվել են բոլոր հիդրոագրեգատները, բոլոր սարքավորումները, բարձրացվել է այդ սարքավորումների հուսալիությունը, մեծացվել է դրանց արդյունավետությունը, մեծացվել է կայանի սահմանված հզորությունը։ Այս ամբողջ ժամանակում, ինչ «Ռուսհիդրոն» ղեկավարում է հիդրոհամալիրը, չի եղել ոչ մի լուրջ վթար», – ասաց Ռոման Զոհրաբյանցը։

Փոխվել են բոլոր հիդրոագրեգատները, սարքավորումները, բարձրացվել է այդ սարքավորումների հուսալիությունը, մեծացվել է դրանց արդյունավետությունը, մեծացվել է կայանի սահմանված հզորությունը։

Հիդրոհամալիրի կարևորությունն առավել արտահայտվեց հուլիսի 10-ի խոշոր վթարի ժամանակ, ինչի հետևանքով հանրապետության զգալի հատվածը մնաց առանց էլեկտրականության։

«Ամենակարճ ժամանակահատվածում՝ բառացիորեն 2 ժամվա ընթացքում, հենց մեր կայանից՝ Սևանի ՀԷԿ-ից, սկսվեց էներգահամակարգի վերականգնումը։ Մեր անձնակազմի շատ գրագետ ու, կարելի է ասել, անձնազոհ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ գործարկել Սևանի ՀԷԿ-ն ու այդ գործարկումով սկսվեցին ամբողջ էներգահամակարգի վերականգնման աշխատանքները։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընկերության աշխատակիցներին, ովքեր այդ ողջ ընթացքում, կարելի է ասել, առաջնագծում էին, ու պայքարում էին այդ վթարի դեմ», – ասաց նա:

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Գարեգին Բաղդասարյանն էլ, ներկայացնելով Արգելի ՀԷԿ-ը, ասաց, որ այն Հայաստանի ամենամեծ հզորություն ունեցող կայանն է, որը 4 հիդրոագրեգատ ունի՝ յուրաքանչյուրը 56 մգվտ հզորությամբ.

«Կայանը շատ կարևոր է օբյեկտ է Հայաստանի էներգետիկայի համար։

Այն նաև կարևոր նշանակություն ունի էներգահամակարգի համար, քանի որ կարողանում է հաճախականություն պահել, և հաճախականությունն իջնելու կամ բարձրանալու դեպքում կայանը կարգավորում է այն»։

Ճարտարագետի խոսքով՝ Հայաստանում երկու այդպիսի կայան կա, մեկը Արգելի հիդրոկայանն է, մյուսը՝ Տաթևինը։

«Ունենք 500 հազար խմ ջրով ջրամբար, որը նույնպես կայանի և համակարգի հուսալիությունն է ապահովում։ Այն որպես պահուստ է կայանի համար, և ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանում է 3-5 րոպեի ընթացքում հոսանք թողարկել։

Կայանը կարողանում է 3 րոպեում 226 մգվտ հոսանք արտադրել, դա Հայասատանի Հանրապետության անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 25-30 տոկոս արտադրման քանակն է», – ներկայացրեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր ճարտարագետը

ԱՎԵԼԻՆ