Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին եւ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի արդարադատության նախարարի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար եւ նշել, որ Նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը: Այդ համատեքստում դեսպան Վինչենցո դել Մոնակոն հաջողելու գրավական է համարել արդյունավետ համագործակցությունը լավագույն փորձն ունեցող երկրների հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԱՎԵԼԻՆ