ՀՔԾ-ն արձագանքել է «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու հանգամանքին

ՀՔԾ-ն արձագանքել է «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու հանգամանքին

17:47 8 Օգս, 2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի մեկի» գործի հետ կապված։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին ՀՔԾ լրատվականից։

Դատախազությունից հետաքրքրվեցինք, արդյոք ուսումնասիրության առարկա դառնալու է, թե ի՞նչ հանգամանքներում են գաղտնի փաստաթղթերը հայտնվել օտարերկրա լրատվամիջոցի տրամադրության տակ, սակայն այնտեղից հայտնեցին, որ չեն մեկնաբանում։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգսոստոսի 7–ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ BBC–ի ձեռք բերած փասթաթղթերի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։

loading...