Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են. ԶՈւ ԳՇ պետ

Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են. ԶՈւ ԳՇ պետ

13:50 3 Օգս, 2019

Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին։

Հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, նա պատասխանեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։

Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաեւ հայ–ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, ուղղակի վերջին միջադեպերից զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել, ցավոք սրտի ունեցանք զոհ եւ վիրավոր, որի արձագանքը բնականաբար ավելի մեծ էր»։

ԳՇ պետը շեշտում է՝ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները. «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջեւանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում, պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է եւ ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում, երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակներն, խնդիրները եւ ցանկանում են ամրապնդել իրենց դիրքեը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։

Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, նա դրական պատասխանեց. «Օպերատիվ կապը օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապնվում ենք, կոնկրետ այս դեպքում այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը արդյունք է օպերատիվ կապի»։

Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի 27–ին, կրկին սրացում էր գրանցվել։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն`ՀՀ պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը։ Դրա հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ 24–ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել։

 

loading...