Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում

Օգոստոսի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լարտավական ծառայությունից։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի եւ զորամասում ընթացող աշխատանքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է ուսումնական ստորաբաժանման կուրսանտների հետ, ովքեր ուսումնառության ավարտին, ըստ իրենց մասնագիտությունների, որպես սպա ծառայելու են զինված ուժերում, լսել նրանց խնդիրները եւ առաջարկությունները:

Նույն օրը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր եւ առաջնագիծ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետեւել են նաեւ հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին եւ քննարկել ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման հետագա անելիքները:

ԱՎԵԼԻՆ