Սեւանին հարակից բոլոր բնակավայրերի կեղտաջրերն ու կոյուղաջրերը զանգվածաբար լցվում են լիճը. Էրիկ Գրիգորյան

Սեւանալճի մակարդակը հուլիսի 26-ի դրությամբ 4 սմ-ով բարձր է, քան նախորդ տարի նույն օրը. Սա մոտ 50 մլն խմ ավել ջուր է: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սա այն դեպքում՝, որ մենք այս տարի ունեցել ենք 100 մլն խմ ավել գոլորշիացում եւ 40 մլն խմ պակաս տեղումներ: Եթե այս թվերը լինեին միջին վիճակագրականին մոտ, ապա կունենայինք ոչ թե 4 սմ-ով ավելի, այլ եւս 10 սմ-ով ավելի ջրի մակարդակ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, հայտնի է, որ լճում ջրի քանակը կապված է որակի հետ եւ Սեւանա լճի խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ քանակի եւ բարձրության հետ, լճում ջրի ծավալի հետ սկսել են տարբեր գործողություններ իրականացնել:

Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին 18 մետրով իջեցվել է լճի մակարդակը, դրանից որոշ ժամանակահատված հետո բարձրացվել է, հետո նորից իջեցվել է 1990-ականների սկզբին. «2000-ականներից սկսած բարձրացել է ավելի քան 3 մետրով, իսկ 2011—2012 թվականներից սկսած շատ փոքր բարձրացում է եղել: Դա կապված էր նրա հետ, որ եւ Արփա-Սեւանի շինարարությունն էր ձգձգվել, եւ ջրի մեծ պահանջարկ է եղել տարբեր տարիներին»:

Նախարարը հավելեց, որ Սեւանի ստորին շերտում առկա սառը շերտը պահպանում է լճի կենսունակությունը, որը չի թողնում, որ զարգանան ջրիմուռները, օրգանական նյութերը. «Սակայն ջրի քանակին զուգահեռ 2007 թվականից սկսած անշեղորեն աճում է որոշ նյութերի, մասնավորապես, ֆոսֆորի պարունակությունը լճում, որը խախտում է հավասարակշռությունը: Դրա պատճառով մենք մի կողմից ունենք խնդիր, որ զանգվածաբար կեղտաջրեր են լցվում լիճը եւ դա տեղի է ունենում Գեղարքունիքի բոլոր բնակավայրերից, բացառության ավելի ցածր գոտում գտնվող Սեւան քաղաքի: Բոլոր քաղաքներից, գյուղերից կոյուղաջրերն առանց մաքրվելու լցվում են Սեւանա լիճը:

Եթե ընդհանուր նայենք, Հայաստանի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Հայաստանի բոլոր գետերն ու ջրավազանները: Հայաստանում կեղտաջրերի մաքրման կայաններ գրեթե չկան. Կան մի քանի մեխանիկական կայաններ, որոնք ուղղակի ֆիզիակակն մաքրում են իրականացնում, բայց մեծ մասամբ այդ կեղտաջրերի ծավալը լցվում է մեր ջրային մարմիններ»:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ բացի այդ, լճի աղտոտմանը նպաստում է անասնապահությունը. շուրջ 150 հազար խոշոր եղջերավոր անասուն կա այդ տարածքում. «Այն ֆոսֆորի քանակը, որ արտազատվում է այս սեկտորից, հազարավոր տոննաներով է հաշվվում: Դա եւս հոսում է լիճ: Ափամերձ տարածքները ոչ պատշաճ չափով են մաքրվել, որոնց վերաբերյալ կան քրեական գործեր: Զանգվածաբար ջուրն է լցվում նաեւ կոմունալ կենցաղային աղբը»:

Նախարարի խոսքով, արդեն Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով, իսկ 2030 թվականին 9 տոկոսով նվազում կլինի գետային հոսքերի:

«Եթե նույնիսկ ամեն ինչ թողնվի օրենսդրական կարգավորումների շրջանակում, Սեւանից լրացուցիչ ջրառ չիրականացվի, որեւէ այլ լրացուցիչ ճնշումներ չլինեն, ապա առկա ճնշումները չկառավարելու դեպքում, Սեւանի խնդիրները գնալով կխորանան:

Այսինքն եւ ականատես կլինենք ծաղկման երեւույթների, եւ ջրի որակական փոփոխությունների: Ուղղակի չանելով բացասական քայլեր, դա բավարար չի կարող լինել: Պետք է քայլեր իրականացվի, եւ արդեն իրականացվում է: Մասնավորապես, խոսքը մաքրման կայանների մասին է»:

Նախարարը նշեց, որ իրենք վեր են հանել 1901,5 նիշից ցածր մաքրման ենթակա ամբողջ տարածքը, որի մաքրման աշխատանքները կֆինանսավորվի բյուջեից 2019-2021 թվականներին:

Էրիկ Գրիգորյանի խոսքով, արդեն իսկ իշխանությունները նախանշել են որոշակի քայլեր, որոնք ուղղված կլինեն լճի մակարդակի եւ որակի ցուցանիշների բարելավմանը:

ԱՎԵԼԻՆ