Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ից (ֆոտո)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ից (ֆոտո)

14:59 24 Հլս, 2019

Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի ադամակցությունից, փոխարենը՝ ժամանակավոր անդամ դարձավ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան. այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեան, որը վարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ասամբլեային ներկա էին ազգային ֆեդերացիաների նախագահներ, հավաքականների գլխավոր մարզիչներ, սպորտի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզիկներ: «Օլիմպավանի» բակում էլ մեծ թվով բռնցքամարտիկներ եւ մարզիչներ էին հավաքվել, որոնք ներկայացնում էին Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան:

Արտահերթ ասամբլեայի օրակարգում Եվրոպական երկրորդ խաղերի հաշվետվությունն էր, Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ներկայացումը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը: Ասամբլեային ներկա էր ՀԱՕԿ-ի 67 անդամ, քվորումն ապահոված էր: Բոլոր որոշումներն ընդունվեցին բաց քվեարկությամբ: Ասամբլեային ներկա չէր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երկրից բացակայելու պատճառով:

Եվրոպական խաղերի հաշվետվության եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների զեկույցները ներկայացրեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերյալ հարցն ու զեկույցը, ինչպես նաեւ ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդակցությունից հեռացնելու որոշումը քվեարկության դնելը ստանձնեց Հրաչյա Ռոստոմյանը:

«Ես այս հարցը միշտ երկու տեսակետից եմ դիտարկել՝ նորմալ, մարդկային եւ բարոյական տեսանկյունից, ինչպես նաեւ իրավական կողմից: Մարդկային տեսանկյունից փորձել եմ ամեն կերպ հասկանալ, բայց հասկացել եմ, որ բարոյականությունն ու անբարոյականությունը հիմա սահման չունեն: Իրավական առումով, ՀԱՕԿ-ը չունի այդ դրույթը, որ դատական ճանապարհով հարցին լուծում տա: ՀԱՕԿ-ը ղեկավարվում է բացառապես իր լիազորություններով: Որեւէ այլ լիազորություն մենք չունենք: Դիմել ենք մեր իրավաբաններին, մեզ ասել են, որ դատարան իրավունք չունենք դիմելու:

Մենք փորձել ենք բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհները, որ երկխոսություն գնա: Մարդը կենդանուց ինչով է տարբերվում՝ բերան, ականջ, որոշ մարդիկ էլ մտածելու ունակություն: Վստահեցնում եմ, որ փորձել ենք, արել ենք ամեն ինչ, հանդիպումներ ենք կազմակերպել, չեն եկել, խուսափել են: Հետո թաքուն ինչ-որ տեղից հայտարարություններ են արել, ֆեյսբուքում ինչ-որ նյութեր տեղադրել: Եթե մեկը մյուսի հետ հարց ունի, ամեն մեկս մյուսիս համարն ունենք, թող զանգեն: Երբ մի բան պետք է, անմիջապես հիշում են: Այժմ այլ տարբերակ չունենք: Հարցի լուծումը սա է:

Մենք ժամանակավոր անդամակցություն ենք տալիս Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային, ապա ԱԻԲԱ-ից հետ կկանչենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, նոր ընտրություններ կանցկացնենք եւ նոր ընտրությունների արդյունքներով միջազգային կառույցները կճանաչեն մեկ օրինական ֆեդերացիա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

30 կետից բաղկացած իրավական հիմնավորումներ զեկուցելուց հետո, Հրաչյա Ռոստոմյանը քվեարկության դրեց ՀՖԲ-ն ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու հարցը: Որոշումն ընդունվեց 65 կողմ, 2 ձեռնպահ եւ չմասնակցած ձայների քանակով:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամ դառնալու որոշումը քվեարկությամբ ընդունվեց 64 կողմ, 3 ձեռնպահ ձայներով:

loading...