ԲԴԽ-ն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի եւ մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:

ԲԴԽ-ից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, եւ այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ ուրախ է՝ հյուրընկալելու կարեւոր առաքելությամբ Հայաստան ժամանած հյուրերին, որոնց հետ ակտիվ համագործակցությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դատաիրավական բարեփոխումների այն համալիր ծրագրերի իրագործման հարցում, որոնք կարեւոր են ցանկալի դատական իշխանություն ունենալու համար:

Դատական իշխանության առջեւ ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, եւ դրանց լուծման համար կարեւոր կլինի նաեւ միջազգային գործընկերների աջակցությունը: Նա նաեւ կարեւորեց օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում Խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:

Խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի եւ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների,  դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ:

Խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության եւ արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով Խորհրդի կարեւոր դերակատարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում եւ իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՎԵԼԻՆ