Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Պուտինի համար

Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խոչընդոտել Մոսկվայի հետ սպառազինությունների ոլորտում հետագա գործարքները, սակայն կարող է նաեւ ձեռնտու լինելՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի համար, գրում են CNBC-ի վերլուծաբանները:

Վերջին օրերին Թուրքիայի նկատմամբ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին լիրան անկում է ապրում, իսկ ներդրողներն անհանգստացած են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ կապված ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցների եւ Թուրքիայի հեղինակության կապակցությամբ:

Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի սկզբին աշխատանքից ազատեց Կենտրոնական բանկի ղեկավարին՝ նոր քննադատության ալիք բարձրացնելով:

Ամերիկացի սենատորները նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:

«Էրդողանը Պուտինի հետ վտանգավոր գործընկերություն է ընտրել՝ ի նվաս Թուրքիայի անվտանգության, տնտեսական զարգացման ու ՆԱՏՕ-ի ամբողջականության»,- հայտարարել են 4 սենատորներ:

ԱՄՆ ներկայացուցիչները Ս-400-երի գործարքը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք են համարում: Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ այդ համակարգերը սպառնում են ամերիկյան F-35 կործանիրների անվտանգությանը:

Սենատորները հուսով են, որ պատժամիջոցները հստակ ազդանշան կլինեն ՆԱՏՕ-ի անդամների համար, որոնք զենք են գնում դաշինքի մեջ չմտնող ու ՆԱՏՕ-ի հակառակորդները համարվող երկրներից:

«ԱՄՆ-ը «կանաչ լույս» է տվել ՆԱՏՕ-ի անդամներին՝ մրցակից երկրներից զենք գնելու համար, մասնավորապես՝ ՌԴ-ից եւ Չինաստանից: Անկասկած, դա մեծ ռիսկ է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերություն համար»,- կարծում է փորձագետ Տիմոտի Էշը:

Պատժամիջոցների կողմնակիցները նաեւ մտավախություն են հայտնում, որ այդ դեպքում արձագանքի բացակայությունը կարող է թուլացնել Վաշինգտոնի պատժամիջոցային լայն գործիքները, որոնք օգտագործվում են այլ երկրների, օրինակ՝ Վենեսուելայի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի դեմ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Պուտինին:

«Պատժամիջոցները Թուրքիային կարող են վանել Արեւմուտքից եւ մերձեցնել Ռուսաստանի, Իրանի եւ այլոց հետ: Դա ձեռնտու է Արեւմուտքի թշնամիներին»,- կարծում է Էշը:

Քաղաքական վերլուծաբան Ալի Բեյքերի խոսքով՝ պատժամիջոցները սխալ քայլ է:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջ է անցել ԱՄՆ-ից, երբ խոսքը Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մասին է: Սխալ կլիներ օգնել Մոսկվային՝ հասնել իր նպատակներին ԱՄՆ-Թուրքիա լարվածության ֆոնին»,- CNBC-ին ասել է Բեյքերը:

«Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներն հակազդելու մասին» (CAATSA) օրենքի համաձայն՝ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայի դեմ 12 միջոցներից առնվազն 5-ն ընտրի, ներառյալ՝ պատժամիջոցներ արտահանման, սպառազինությունների, ֆինանսական հաստատությունների եւ ԱՄՆ բանկերում փոխառության համար:

Տարածաշրջանային որոշ փորձագետներ կարծում են, որ պատժամիջոցներ կարող են սահմանավել ռազմական ընկերությունների դեմ: Սակայն եթե հարված հասցվի նաեւ բանկերին, ապա Թուրքիայի հեղինակությունն ու լիրան կարող են ամենից շատը տուժել:

Եվ ցանկացած պատժամիջոց կարող է վնաս հասցնել Թուրքիայում տնտեսական եւ ներդրումային վստահությանը:

Հիշեցնենք, որ հունիսին Պենտագոնը զգուշացրել էր, որ ռուսական համակարգերի գնման դեպքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի եւ կբացառի F-35-ների ծրագրից:

ԱՎԵԼԻՆ