ՀԱՊԿ-ը անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական դաշտում վարքի կանոնների եւ նորմերի անհապաղ մշակման համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա հանդես է եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում ընթացող համագործակցության համաժողովում, որի թեման է. «ՀԱՊԿ գործունեությունը՝ հաջակցություն անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների ապահովմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունների», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ ենք համարում միավորել հավաքական ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Հատուկ նշանակություն ենք տալիս ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական տարածքում պատասխանատու վարքի համընդհանուր կանոնների, նորմերի եւ սկզբունքների  մշակմանն ու ընդունմանն աջակցելուն»,- նշել է Սեմերիկովը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը աշխատանք է տանում Կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման ուղղությամբ, որոնք ահաբեկչական են ճանաչվել կազմակերպության անդամ պետությունների տարածքում։ ՀԱՊԿ ղեկավար մարմինների կողմից հաստատման սահմանված ընթացակարգ է անցնում «ՄԱԿ Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման 2019-2021 թվականների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական գործողությունների ծրագիրը»։

«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ ջանքերի ավելացումը նոր վերազգային եւ վերսահմանային մարտահրավերներին ու սպառնալիքներին, հատկապես ահաբեկչությանը  դիմակայության գործում՝ «Ահաբեկչությունից զերծ աշխարհ ունենալու համար վարքականոնի» հիման վրա, որը նախաձեռնել է Ղազախստանը ՄԱԿ ԳՎ 73-րդ նստաշրջանի բացմանը, եւ որի մասնակիցներն են արդեն 82 պետություններ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

ԱՎԵԼԻՆ