Նախարարությունում քննարկվել են հայ-բրիտանական կրթական համագործակցության զարգացման առաջիկա քայլերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը: Կարեւորելով ԿԳՄՍ նախարարության եւ Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի: Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաեւ այդ ակումբներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական կրթական կապերի ընդլայնմանը` կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության եւ կրթության ոլորտների ներկայացուցիչները կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին եւ գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձեւավորմանը: Նախատեսվում է նաեւ Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ աշխատանքային մի շարք այլ հարցեր:

ԱՎԵԼԻՆ