«Անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ». Սեւանա լճի վերաբերյալ լսումները մեկնարկեցին առանց նախարարների

«Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով այսօր՝ հուլիսի 17-ին, ԱԺ-ում ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկմանը ներկա չէին Շրջակա միջավայրի եւ Առողջապահության նախարարները։ Նախարարների բացակայությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դուր չեկավ։ Նրա խոսքով՝ դա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։

«Չեմ տեսնում այստեղ 2 նախարարներին, ուղարկվել է հրավեր Առողջապահության եւ Շրջակա միջավայրի նախարարներին։ Կարծում եմ՝ իրենք առաջինը պետք է այստեղ լինեին, քանի որ խնդիրն առնչվում է իրենց ոլորտներին։ Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն։ Ես հենց այսօր, գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ 2 նախարարները, որոնք շահագրգիռ կերպով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սեւանի հետ կապված, այսօր այստեղ չեն»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորն ասաց, որ այսօրվա քննարկմանը կփորձեն օբյեկտիվ, առանց որեւէ այս կամ այն կողմի շահը սպասարկելու լուծումներ առաջարկել Սեւանի խնդրին. «Որպես պատգամավոր եւ քաղաքացի հետեւում էի Սեւանի շուրջ ծավալվող քննարկումներին, մեկ մտահոգիչ խնդիր նկատեցի, որ փորձ է արվում Սեւանի հարցը շահարկել տարբեր «շահառուների» շահերը կամ պաշտպանելով կամ չպաշտպանելով։ Սեւանը ազգային անվտանգության խնդիր է, բոլորս էլ ընդունում ենք, որ Սեւանն այսօր հիվանդ է, եւ սա 1 կամ 2 տարվա անպատասխանատվության հետեւանք չէ»։

Նա նշեց , որ ինքը՝ որպես պատգամավոր իրազեկ է եղել, թե ինչպես են տարիներ շարունակ ստացվել դրամաշնորհներ՝ Սեւանը մաքրելու համար, եւ այդ գումարները փոշիացրել են. «Հիշում եմ, որ մեր բնապահպանները տարիներ շարունակ բարձրացրել են այդ խնդիրը, բայց ձայն բարբառո հանապատի։ Տարիներ շարունակ ստացել են դրամաշնորհներ՝ Սեւանը մաքրելու համար, սակայն ես չեմ խախտի որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց ես իրավունք ունեմ ունենալու ողջախոհ կասկածներ, տեսնելով Սեւանի այսօրվա վիճակը, որ այդ գումարներն անխղճորեն փոշիացվել են, եւ հիմա դա հիմք հանդիսացավ, որ ԲՀԿ-ն հանդես գա նման նախաձեռնությամբ։ Մեր բնապահպանների եւ նաեւ խնդրով շահագրգիռ կողմերի տեսակետները բաժանվել են իրար հակասող հատվածների։ Մի մասը գտնում է, որ խնդիր չկա, մի մասը գտնում է, որ խնդիրը կա, եւ շատ վտանգավոր է, կամ՝ կանաչակապտավուն ջրիմուռները վտանգավոր չեն։ Սեւանն այն հարցը չէ, որ յուրաքանչյուրը փորձի իր անձնական բիզնես շահերը սպասարկելով՝ մանիպուլացնել այս խնդիրը»։

Նա հույս հայտնեց, որ այդ քննարկումը չի լինելու վերջինը, եւ այսօր, եթե փորձեն հասկանալ ստեղծված իրավիճակը եւ նախանշել լուծումները, իրենք՝ որպես օրենսդիր կներկայացնեն դրանք կառավարությանը։

ԱՎԵԼԻՆ