Թուրքիայում բացել են թանգարան՝ նվիրված 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը

Թուրքիայում բացել են թանգարան՝ նվիրված 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը

11:02 16 Հլս, 2019

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է 2016 թվականի հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի ձախողմանը նվիրված թանգարանի բացման արարողությանը, որի երեք տարին նշվել է երկուշաբթի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թանգարանը բացվել է Ստամբուլի ասիական մասում, Բոսֆորի կամրջի մոտ, որտեղ տեղի է ունեցել քաղաքի բնակիչների եւ ապստամբների դիմակայությունը։ Ցուցանմուշների ցուցադրման մակերեսը կազմում է 500 քառակուսի մետր։ Այնտեղ ցուցադրվում են զոհված քաղաքացիների անձնական իրերը, տանկերով ճզմված մեքենաները, հեղաշրջման փորձի մասին պատմող փաստաթղթեր եւ տեսասյուժեներ։ Ցուցանմուշներից մեկը հեռախոս է, որով Էրդողանը դիմել է ազգին հեղաշրջման փորձի գիշերը։ Առանձին վահանակներ նվիրված են աշխարհի տարբեր երկրներում կատարված հեղաշրջումների պատմությանը։

«Հեղաշրջման փորձի կանխումը դեմոկրատիայի համար մեր պայքարի բեկումնային պահերից է։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր հերոսներին, որոնք դեմ էին նրանց, որոնց ձեռքին զենք կար, տանկեր։ Այդ գիշեր 251 զոհվածից յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ։ Մեր պարտքն է պահել նրանց մասին հիշողությունը։ Այսօր մենք բացում ենք թանգարան՝ ի պատիվ հուլիսի 15-ի իրադարձությունների։ Վեպից մինչեւ ֆիլմ, քանդակից մինչեւ երաժշտություն՝ արվեստի մեր մարդիկ նույնպես կստեղծեն իրենց ստեղծագործությունները, որպեսզի պահպանեն հիշողությունն այդ օրվա մասին»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով թանգարանի բացման արարողությանը։

Ապստամբների մի խումբ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը նախաձեռնեց հեղաշրջման փորձ։ Հիմնական բախումն Անկարայում եւ Ստամբուլում տեղի ունեցավ։ Զոհվեց ավելի քան 250 թուրք քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց, ապստամբությունը ճնշվեց։

Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվեց ավելի քան 50 հազար մարդ, ազատվեցին եւ աշխատանքից հեռացվեցին 160 հազար պետծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ։ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են իսլամ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպությանը, որն Անկարայում անվանվում է FETO (ֆեթհուլայականների ահաբեկչական կազմակերպություն), պետհեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջումն ու հերքել մեղադրանքները։

 

loading...