Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի կարող նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը. Ա.Մանվելյան

«Համոզված եմ, որ Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի կարող նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, որովհետեւ եթե դու նոր էլեկտրակայան ես կառուցում, տվյալ դեպքում` ջերմակայան, այն հսկայական ներդրումներ է պահանջում», -այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը անդրադառնալով Երեւանում կառուցվող նոր 250 Մվտ հզորությամբ` էլեկտրակայանին եւ Հանրային ծառայությունները կարգավրող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի այն հայտարարությանը թե այս էլեկտրակայանի կառուցումը կարող է նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը: 

«Հասկանալի է, որ նա, ով դրա դիմաց ներդրումներ է կատարում, ցանկանում է նաեւ որոշակի գումարներ, որպեսզի իր գումարները կարողանա հետ բերել: Իսկ ցածր սակագների պայմաններում գումարների հետբերումը շատ դժվար կլինի: Այլ բան է, որ մենք ունենք մի համակարգ, որը շատ վատ ենք գործածում, խոսքս վերաբերում է Հայաստան-Իրան փոխանակման ծրագրին` գազ էլեկտրաէներգիայի դիմաց: Հիմա այս ծրագիրն աշխատում է իր հզորության 15 տոկոսով, եթե այն սկսի աշխատել գոնե իր հզորության 50-60 տոկոսով, այդ դեպքում կարելի է խոսել նաեւ էլեկտրաէներգիայի հնարավոր գնի նվազման մասին: Հայաստանը կարող է մեծ քանակով գազ վերցնել Իրանից, այն վերածել էլեկտրաէներգիայի եւ վերադարձնել Իրան, սակայն այս գործարքի արդյունքում գազի եւ որոշակի էլեկտրաէներգիայի ավելցուկ է ստեղծում, որը կարող է Հայաստանը պահպանել իր ներքին կարիքների համար եւ դրա հաշվին եւ էլեկտրաէներգիայի գինը իջեցնել, մասամբ` նաեւ գազի գնի վրա կարող է անդրադառնալ: Եթե սա իրականացնեն, իսկապես, կլինի փայլուն, հեռանկարային ծրագիր: Իսկ դրա համար հարկավոր է, որպեսի երրորդ բարձրավոլտը դեպի Իրան կառուցվի, որի գործընթացը, ցավոք, շատ դանդաղ է գնում: Հուսով եմ, որ այն 2020 թվականին կավարտեն, եւ այստեղ որոշակի հնարավորություններ եւ շանսեր կբացվեն` էլեկտրաէներգիայի եւ գազի գործարքը ընդլայնելու համար: Միայն այս գործարքի դեպքում կարող ենք խոսել նաեւ էլեկտրաէներգիայի հնարավոր նվազեցման մասին»–եզրափակեց Ա.մանվելյանը:

ԱՎԵԼԻՆ