Տիգրան Խաչատրյանը մասնակցում է GMIS 2019-ին. միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների

Տիգրան Խաչատրյանը մասնակցում է GMIS 2019-ին. միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների

13:02 10 Հլս, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության եւ արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։

Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների եւ ներդրողների միջեւ կամուրջներ ստեղծել, ինչպես նաեւ քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։

Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում եւ Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչեւ գործնական քայլեր» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Նախարարը ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ներգրավումը արտադրական գործընթացներում արտադրողականության բարձրացման համատեքստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնացել է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

Տիգրան Խաչատրյանը  մի շարք օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի հետ։

Նախարար Խաչատրյանը Եկատերիբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավելելու հնարավորությունները։

Հուլիսի 10-ին Տիգրան Խաչատրյանը կշարունակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումները եւ քննարկումները, ինչպես նաեւ կայցելի GMIS 2019-ի շրջանակներում կազմակերպված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը։

GMIS-ը Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությունն է։ Այս տարի միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների։ Գագաթնաժողովին մասնակցում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

loading...