«Միասնական հարթակներ կստեղծվեն». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

ԿԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ ԿԳՄՍ միջեւ համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում եւ այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղությունները, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես, կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցելու նախարարությանը իրականացվող բարեփոխումների եւ հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։

Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության եւ երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին` աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։

ԱՎԵԼԻՆ