Գիտնականները հայտնել են, թե ինչպես պետք է զարգացնել երեխայի ստեղծարար մտածողությունը

ԱՄՆ-ում Դյուքի մասնավոր հետազոտական համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է երեխայի մեջ զարգացնել ստեղծագործական մտածողություն։

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ վաղ հասակից երեխան ստիպված է խաղալ միանգամից մի քանի սոցիալական դեր՝ որդի կամ դուստր, եղբայր կամ քույր, ընկեր եւ այլն։ Այնինչ, կա նրան իր «եսի» բազմակողմանիության մասին հիշեցնելու անհրաժեշտություն, ինչը կօգնի ճկունության եւ սոցիալական ադապտացման ձեւավորման գործում։

Հետազոտությունում ներգրավվել է 6-7 տարեկան 196 երեխա։ Առաջին խմբի մասնակիցներին  մատնանշել են նրանց սոցիալական դերերի բազմազանությունը (տղա, աղջիկ, ընկեր եւ այլն), երկրորդ խմբի համար նշել են նրանց տարբերությունը՝ ելնելով ֆիզիկական բնութագրերից, երրորդ խմբին պատմել են այլ երեխաների սոցիալական դրսեւորումների բազմազանության մասին։

Այնուհետեւ փորձարկվողները պետք է կատարեին մի շարք առաջադրանքներ, որոնց արդյունքներով պարզվել է, որ լավագույն արդյունքը՝ ճկուն եւ ստեղծագործ մտածողություն, ցուցադրել են առաջին խմբի երեխաները։ Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, գոյություն ունի երեխային մարդկային անձի բնույթի մասին գիտելիք տրամադրելու անհրաժեշտություն, ընդ որում՝ բացառապես անձնական օրինակով։

Դյուքի համալսարանի հոգեբանության եւ նյարդաբանության ամբիոնի դոցենտ Սառա Գեյթերը նշում է. եթե երեխաներին հիշեցնում ենք իրենց սեփական բարդ անհատականության մասին, ապա նրանք սկսում են մտածել սոցիալական ստանդարտ կատեգորիաներից դուրս։ Դա, իր հերթին, ձեւավորում է երեխայի սոցիալական ճկունությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Developmental Science ամսագրում։

 

ԱՎԵԼԻՆ