Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիինը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայացրել է մեր երկրում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող ծրագրերը՝ փաստելով, որ դրանք կյանքի են կոչվում համաձայն տվյալ երկրի պահանջարկի:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ձեւաչափերում, ընդգծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանն արժեւորել է օրենսդրական մակարդակում նախաձեռնությունների իրագործումը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է եւ ուրույն դեր ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում:

Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իրենց խմբակցության՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը արդարադատության ոլորտի բարեփոխումների, վեթթինգի գործընթացի, տնտեսական հեղափոխության իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ:

ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ խնդիրների հաղթահարումը պետք է իրականացվի համադրության ճանապարհով. դատական ոլորտի առողջացմանը զուգընթաց կառավարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական ու սոցիալական բեկումնային փոփոխություններ իրագործելու ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում մրցունակության ապահովումը, հանքարդյունաբերական քաղաքականության վերանայումը, ներդրողների համար ընթացակարգերի պարզեցումը եւ արտոնությունների սահմանումը, ազատ տնտեսական գոտիների ձեւավորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում:

 

 

ԱՎԵԼԻՆ