ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Սերգեյ Չիչոյանին

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Սերգեյ Չիչոյանին

12:33 12 Հնս, 2019

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի եւ 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գեւորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։

loading...