Մոնտենեգրոն խոշոր տուգանքներ է սահմանել երկրի զինանշանի, դրոշի եւ օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

Մոնտենեգրոն խոշոր տուգանքներ է սահմանել երկրի զինանշանի, դրոշի եւ օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

11:16 11 Հնս, 2019

Մոնտենեգրոյի խորհրդարանը լրացումներ է կատարել պետական խորհրդանիշների մասին օրենքում, որոնցով մինչեւ 20 հազար եվրոյի տուգանքներ են սահմանվում երկրի զինանշանի, դրոշի եւ օրհներգի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նիստի նյութերը:

Օենսդրության մեջ կատարված փոփոխություններին կողմ է քվեարկել իշխող մեծամասնության պատգամավորներից 43-ը (81-ից), դեմ եւ ձեռնպահ ձայներ չեն եղել:

Պետական խորհրդանիշները վիրավորելու համար հիմա նախատեսված են 1-ից մինչեւ 20 հազար եվրոյի տուգանք իրավաբանական անձանց համար, 300-ից մինչեւ 2 հազար եվրո՝ պաշտոնատար եւ ֆիզիկական անձանց համար, 300 եվրոյից մինչեւ 6 հազար՝ մասնավոր ձեռնարկատերերի համար:

Կպատժվեն զինանշանի եւ դրոշի օգտագործումը գեղարվեստական ստեղծագործության մեջ, դասավանդելիս կամ դաստիարակչական աշխատանքում, եթե դա խախտում է Մոնտենեգրոյի հանրային բարոյականությունը, հեղինակությունը եւ արժանապատվությունը:

Տուգանք կսահմանվի, եթե զինանշանի կամ դրոշի վրա կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, եթե օգտագործվեն որպես ապրանքանիշ, եթե դրոշը դրվի հողին հպվելով, եթե օգտագործվի որպես գորգ կամ վարագույր:

Խախտում կհամարվեն օրհներգի տեքստի կամ մեղեդու փոփոխությունները, կամ եթե դրանք ներկայացվեն Մոնտենեգրոյի համար վիրավորական կերպով:

Օրենքով նաեւ պարտադիր է դարձել դրոշի տեղադրումը տեղական կառավարման մարմինների եւ այլ պետական հաստատությունների շենքերի վրա:

Օրինագծի համաձայնեցման ժամանակ առաջարկվում էր տուգանք պետական օրհներգը հնչելիս կանգնելուց հրաժարվելու համար, սակայն այս նախաձեռնությունը մերժվել էր:

 

loading...