Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 10-ին,  հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը, որոնց պահպանման գործում մեծ է նաեւ եկեղեցիների դերը:

Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Պավելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ հայ եւ բելառուս ժողովուրդները միմյանց նկատմամբ տածում են ջերմ եւ անկեղծ վերաբերմունք: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները, այդ թվում՝ հոգեւոր արժեքների ամրապնդման ու տարածման միջոցով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ քրիստոնեական արժեքների ու ավանդույթների ամրապնդմանը, երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր:

ԱՎԵԼԻՆ