Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Հարավային Օսիայում. Հանդիպել են երկրի նախագահի հետ

Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Հարավային Օսիայում. Հանդիպել են երկրի նախագահի հետ

16:59 10 Հնս, 2019

Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը եւ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

ՀՕՀ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրարշավը հանրապետությունում անցնի հանգիստ մթնոլորտում, եւ մարդկանց հնարավորություն տրվի քվեարկել իրենց ընտրությանն արժանի քաղաքական ուժին:

Նախագահը նաեւ անդրադարձել է վերջերս Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության բացման արարողության շրջանակում իր՝ Արցախ կատարած այցին:

Արցախի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ընտրատեղամասերում բնակչության դրական տրամադրվածությունը եւ կարեւորել խորհրդանշական այդ օրը եղբայրական ժողովրդի կողքին գտնվելու հանգամանքը:

Երեկոյան Արցախի պատվիրակությունը նախագահը Բիբիլովի հետ դիտել է Արցախում անցկացվող՝ ConiFA-2019 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Արեւմտյան Հայաստան – Հարավային Օսիա խաղը:

 

loading...