Նորամարգում նախկին կնոջ ընտանիքին սպանելու փորձի համար 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Նորամարգում նախկին կնոջ ընտանիքին սպանելու փորձի համար 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

12:47 10 Հնս, 2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունիսի լույս 8-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

loading...