ԱԺ-ն, արդեն 5-րդ օրն է, շարունակում է իր աշխատանքը. Օրակարգը չի սպառվում (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 4-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել է դեռեւս մայիսի 29-ին: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41 եւ դա է պատճառը, որ արդեն 5-րդ օրն է, որ ԱԺ-ն չի կարողանում ավարտել իր աշխատանքը:

Դեռ մայիսի 29-ի նիստում խորհրդարանը հավանություն չի տվել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: ՀՀ նախագահն արդեն այդ պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել՝ փաստաբան Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունն ԱԺ-ն ամենայն հավանականությամբ կհաստատի:

Բացի այդ, ԱԺ-ն մերժել է բոլոր այն նախագծերը, որոնք բացասական եզրակացության էին արժանացել կառավարության կողմից:

Նախօրդ նիստերում ԱԺ-ն քննարկել է ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ հանձնաժողովների անդամների ընտրության հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ: Հայկ Կարապետյանը, Վահե Չիբուխչյանը, Արեն Դանիելյանը, Տիգրան Մարկոսյանն ընտրվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:

Նախօրեին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Նշենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,

Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են մայիսի 29-ին: Քանի որ օրակարգը շատ հագեցած է, այդ շաբաթվա ընթացքում ԱԺ նիստերի օրակարգը չի սպառվել, հետեւաբար, ԱԺ նիստերը շարունակում է նաեւ այս շաբաթ:

ԱՎԵԼԻՆ