Զորավարժություն՝ Արցախում. Կիրառվել են արդիական զինատեսակներ

Զորավարժություն՝ Արցախում. Կիրառվել են արդիական զինատեսակներ

14:05 1 Հնս, 2019

Արցախի պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 31-ին խաղարկվել է գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որին, բացի միավորման հրամկազմից, հետեւել է նաեւ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան հրաձգության փուլի մեկնարկը, զորախաղերի մասնակից ուժերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, եւ սահմանված ժամկետներում, առանց խափանումների, զբաղեցրել մարտական կիրառման պայմանական շրջանները:

Մարտավարական զորավարժության կրակային փուլի ընթացքում անձնակազմը արդյունավետ կերպով իրականացրել է պաշտպանողական ու հարձակողական գործողություններ եւ,  կիրառելով նաեւ արդիական մի շարք զինատեսակներ ու մարտավարական նոր մոտեցումներ, կասեցրել պայմանական հակառակորդի առաջխաղացումը, որից հետո  անցնելով հակագրոհի՝ վերականգնել առաջնագիծը:

Ինչպես բուն զորախաղերի, այնպես էլ դրան նախորդած մարտավարաշարային պարապմունքների ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ բացի տեսական գիտելիքներից, զինծառայողներն ունեն նաեւ մասնագիտական անհրաժեշտ հմտություններ եւ պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլեւ, եթե հարկ լինի, նաեւ իրական մարտական պայմաններում ցույց տալ իրենց բազկի ուժը եւ անառիկ պահել հայրենիքի սահմանները:

loading...