Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

11:46 30 Մյս, 2019

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին պատկանած արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում։ Ինչպես տեղեկացրել է Le Figaro թերթը, սակարկությունները, որը կազմակերպել է Christie’s աճուրդների տունը, տեղի կունենան հունիսի 4-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աճուրդի կհանվի երկու բրոնզե քանդակ։ Առաջինը ֆրանսիացի արվեստագետ Ժերմեն Ռիշյեի (1902-1959) գործն է, որն ստեղծվել է 1953-ին եւ պատկերում է մատադորին եւ ցլի գանգը։ Այս քանդակը Ռիշյեի 11 աշխատանքներից մեկն է, որը նվիրված է ցլամարտի թեմային։ Նրա մյուս ստեղծագործությունները պահվում են, մասնավորապես, Նյու Յորքի Գուգենհեյմի ֆոնդում եւ Բրյուսելի Գեղարվեստի թագավորական թանգարանում։ Փորձագետները քանդակը գնահատում են 2,5 մլն եվրո։

Եվս մեկ աշխատանք Ազնավուրի հավաքածուից՝ Սեզար Բալդաչինիի քանդակը («Տեսկոնի տախտակը»), ստեղծվել է 1958-ին։ Նախնական արժեքը 60-80 հազար եվրո է։

Ավելի վաղ Ֆրանսիայում աճուրդում վաճառվել էր այն ավտոմեքենան, որը երգիչը գնել էր 1966-ին։ Սակարկությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին Գրան պալե ցուցասրահում։

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ տարագիրների ընտանիքում։ Նա առաջին անգամ հանրության առջեւ ելույթ է ունեցել ինը տարեկանում։ Նրա երաժշտական կարիերան խթանել է ծանոթությունը Էդիթ Պիաֆի հետ։ Նրանց բարեկամական հարաբերությունները չեն դադարել ընդհուպ մինչեւ երգչուհու մահը։

Երգիչը հանդես է եկել 90 երկրներում՝ սահմանելով բացարձակ ռեկորդ երաժիշտների շրջանում։ Նա աշխարհում ճանաչվել է ֆրանսիական երգի դեսպան։ Նրա ձայնագրություններով ալբոմները տարածվել են ավելի քան 180 մլն քանակով։ Ազնավուրը ավելի քան 1300 երգի համահեղինակ է։ Նա խաղացել է ավելի քան 60 դեր կինոյում։ Մահացել է 2018 թվականի հոկտեմբերին 94 տարեկանում։

loading...