Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը

Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը

18:44 24 Մյս, 2019

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն կառավարման խորհրդի նոր նախագահ եւ քարտուղար ունի։ Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։

«Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության օրակարգով:

Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»,–ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

loading...